են եղել, ուրեմն պ. բժիշկը, եթե կարողացել է հայտնի դառնալ, կարող է մի տարվա մեջ 20 000 ռուբլի եկամուտ ունենալ, որպիսի գումարը պ. մեքենայագետը յուր բոլոր կյանքում չի կարող խնայել և գյուղատնտեսը՛ մինչև անգամ մյուս կյանքում… (Ծիծաղ ուսանողների մեջ)։
Բայց դեռ մի ուրիշ հանգամանք էլ կա, որ պետք է ուշադրության առնել։ Ահա թե ինչ.— ինչպես որ անշնորհք փաստաբանների շատանալով կռիվն ու ղալմաղալներն են մեզ մոտ շատացել և փաստաբանների առևտուրը կենդանացրել, այնպես էլ անշնորհք բժիշկների շատանալով հիվանդությունները հետզհետե բազմապատկվում են։ Կարելի է երևակայել, թե մի որոշ ժամանակից ետ որպիսի առատ հունձ կարող է ունենալ համալսարանից վերադարձող բժիշկը, որ փոխանակ տասնյակ տարիներով մի հմուտ և փորձառու բժշկապետի ձեռքի տակ յուր փորձերը շարունակելու և հիվանդությունների անխոնջ ուսումնասիրությամբ և բժշկական դրվածքների անընդհատ ընթերցանությամբ յուր գիտությունը կատարելագործելու, գալու օրի էգսը բժշկապետ բարձրահնչյուն բառն է փորագրում յուր դռան տախտակի վերա և երկու ոտքով ման գալն էլ ստորություն համարելով, չորս ոտքերի օգնությանն է դիմում։ Ո՞վ է հարցնում այստեղ, թե պ. բժիշկ, որքա՞ն գիտություն, որքա՞ն փորձառություն ունիք դուք, որ իմ գլխի վերա դալլաքություն եք անում. բավական է, որ պ. բժիշկը սեփական կառքով է շնորհ բերել մեզ մոտ։ Եվ ինչ, մի՞թե իրավունք էլ ունի հիվանդը բժշկին հարցաքննելու։ Բժշկությունը այնպիսի մի գործ է, որի դատավորը ինքը բժիշկն է և դատախազը յուր խիղճը․ մի՞թե թշվառ մահկանացուն կարող է լսել երբևիցե այդ դատախազի ձայնը և բողոքը…
Ահա այսպես, բժշկությունր ամեն կողմից էր արդյունավոր պարապմունք է. դուք, պ. Մարալյան (դարձավ Եզովպոսը Պետրոսին), կարող եք ամենայն վստահությամբ ընտրել ձեզ համար իբրև մասնագիտություն — բժշկությունը և բնավ մի՛ վախենաք ապագայից։ Եթե կգա մի օր, երբ դուք արդեն հասակնիդ առած կլինեք, և երիտասարդ ու նորավարտ բժիշկները ձեզ դուրս կքշեն բժշկության ասպարեզից, դրանից