Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ առաջին անգամ նա ներս մտավ նրանց դռնով, բակի ընդհանուր պատկերը մի քաղցր և սիրախորժ ազդեցություն արավ նրա վերա։ Այդտեղ գրեթե ոչինչ չէր փոխվել։ Նա տեսավ մեծ տանձենին, որի հովանու տակ շատ անգամ նստել խաղացել էր նա փոքրիկ Աստղիկի հետ, որի ճյուղերից երբեմն չվան կապելով ճլորթի էին արել նրանք. տեսավ թավուտ խնձորենին, որ յուր ծուռ բունով թեքված էր ջրհորի վերա և որից արգիլում էին իրենց խնձոր քաղելու. տեսավ վանդակապատ փոքրիկ պարտեզը, որ նույնպես գեղեցիկ, նույնպես կանաչազարդ էր ինչպես առաջ, տեսավ և սիրուն ծաղկածուն, որ դեռ ձգված էր կանաչ վանդակապատի երկարությամբ։ Հասնելով բակի մեջտեղը, Պետրոսը կանգ առավ այստեղ մի քանի րոպե և սկսավ դիտել յուր շուրջը գտնվող ծանոթ առարկաները, որոնք հիշեցնում էին նրան յուր անցած, գնացած մանկությունը, յուր անհոգ խաղերը, յուր անմեղ զվարճությունները… և նրա կրծքից ակամա դուրս թռավ մի հառաչանք։

Այդ րոպեին սանդուղքների փոքրիկ պատշգամբի վերա երևեցավ Աստղիկը, որ տեսնելով Պետրոսին բակի մեջ կանգնած, ձայն տվավ ծիծաղելով։

—Օ՛, բարև ձեզ, բարև ձեզ. այդ ի՞նչ է, դուք արդեն մոռացել եք մեր տան ճանապարհը։

—Ո՛չ, օրիորդ, ես հոգով ու մտքով վերափոխվել եմ դեպի մեր մանկության քաղցր անցյալը և դժվարանում եմ վերադառնալ…— պատասխանեց Պետրոսը և ժպտադեմ բարձրացավ դեպի պատշգամբը։ Բարեկամ և բարեկամուհի սիրով ողջունեցին իրար։

Աստղիկը ներս հրամցրեց Պետրոսին և ներկայացրեց նրան յուր մորը։

—Օ՜, ինչպե՜ս դու մեծացել ես, Պետրոս, սիրուն տղամարդ ես դարձել,— բացականչեց տիկին Եղիսաբեթը և գրկելով նրան՝ համբուրեց ճակատը։

Պետրոսը սաստիկ զգացվեցավ, տիկնոջ համբույրը լցրեց նրան մի անբացատրելի ուրախությամբ և նա որդիական անսահման սիրով համբուրեց նրա ձեռքը ջերմագին։

—Էհ, ի՞նչպես ես, որդի, առո՞ղջ ես, հաջո՞ղ են