Էջ:Muratsan, vol. 2.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Ոչինչ։

—Ոչինչ բանի համար չեն ծիծաղում։

—Ընդհակառակը, մինչև անգամ լաց են լինում։

—Բայց դուք անկարելի է, որ մի պատճառ չունենայիք:

—Այո՛, ես հանկարծ մտաբերեցի ձեր և իմ մանկությունը. հիշեցի ձեր չարությունները և թե ինչպես մի անգամ դուք իմ ընկույզները հափշտակելով փախաք ձեր տուն: Լսելով ձեր այժմյան փիլիսոփայությունները, ես հիշեցի այդ փոքրիկ դեպքը և ծիծաղեցի։

—Ես էլ հենց այդ անցյալի վերա էի մտածում և համեմատում էի իմ ընկերուհի Աստղիկին, այն փոքրիկ ամաչկոտ աղջկան այժմյան հրաշալի օրիորդի և վարժուհու հետ, և ո՜րքան տարբերություն, տեր աստված, դուք միացրել եք ձեր մեջ ձեր անվանակցի և Աթենասա ուժերը միասին. այդ հազիվ է հաջողում կանանց…

Օրիորդը շառագունեց և աչքերը խոնարհեց գետին։

Պետրոսը այդ նկատելով զղջաց յուր անտեղի հաճոյախոսության վերա և խոսք դարձրեց ուրիշ առարկաների։

Այդ միջոցին արդեն ներս եկավ տիկին Եղիսաբեթը, որին հետևում էր ծառան սուրճի սկուտեղը ձեռքին։ Խոսակցությունը ընդհանրանալով զգացմունքների լարումը տեղի տվավ զվարճախոսության և կատակների։

Մի կես ժամ ևս խոսելուց ետ, դուրս գնաց Պետրոսը դրացուհու տնից, թողնելով այնտեղ յուր սիրտը, անծանոթ զգացմունքներով լցված։

ԺԶ

ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Կան սրտեր, որոնք ա՛յնքան քնքուշ, և ա՛յնքան ենթակա են ազդեցությունների, որ շատ անգամ րոպեական դեպքերը բավական են լինում նրանց թագավորության մեջ ամենամեծ հեղափոխություններ հարուցանելու։ Օրիորդ Աստղիկը պատկանում էր ա՛յն դասին, որ կրում է յուր մեջ այս