Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկավառակը այս բարձրավանդակի ետևից և յուր պայծառ շողերը թափանցեց ննջարանիս մեջ, ես իսկույն վեր ցատկեցի իմ անկողնից և գիշերային լոդիկով դուրս վազեցի այստեղ, ուր երկար, շատ երկար մտածում էի քեզ վերա և ուր ահա գտնում ես դու ինձ:

Այժմ երբ այլևս մեզ ոչ ոք չէ լսում, ես համարձակ կխոստովանիմ քեզ իմ մեծ գաղտնիքը, Պետրե, ես քեզ սիրում եմ…

Երիտասարդը ոչինչ չկարողացավ պատասխանել. նա տարածեց յուր գիրկը և սիրաշունչ կրծքի վերա ամուր, ամուր սեղմեց յուր սիրուհուն։

Քիչ ժամանակից ետ սիրահարներից յուրաքանչյուրը հանգիստ սրտով պառկած էր յուր ննջարանում։

ԺԳ

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՄ

ՄԻ ԳԼՈՒԽ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎՈՒՄ է

ԸՆԴՀԱՏՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այժմ ավելորդ է շարունակել Պետրոսի և Աստղիկի սիրահարության մանրամասն պատմությունը, նրանց տեսակցությունները, նրանց սիրակցությունները և այլն։ Ով որ մի անգամ սիրել է յուր կյանքում, առանց մեր ասելուն էլ կիմանա, թե ի՞նչ կյանք և ի՞նչ հարաբերություն կարող են ունենալ միմյանց հետ երկու սիրող երիտասարդ սրտեր, իսկ ով որ չէ սիրել, կամ գոնե չգիտե թե ի՛նչ բան է սիրելը, նրա համար մեր բոլոր պատմությունն էլ մի փող չարժե։ Բայց այսքան միայն հարկավոր է հիշել, որ Պետրոսը շատ շուտով հայտնեց մորը յուր և Աստղիկի դեպի միմյանց ունեցած անհուն սերը, պատմեց նրան մանրամասնաբար իրենց բոլոր տեսակացությունները, սիրակցությունները և այլն։ Տիկին Հռիփսիմեն ուրախությունից չգիտեր ի՞նչ աներ: Նա գրկեց