մանկավարժ և անհաշտ թշնամի բժշկականության…— մի առանձին հոգատարությամբ և բառերի կտրուկ շեշտահարությամբ ծանոթացնում էր կես համալսարանականի մեկը մի ամբողջ համալսարանականի՝ սևաչյա և բարձրահասակ մի աղջկա հետ, իսկ այս վերջինը քնքշբար հայտնում էր յուր գոհունակությունը այդ նոր ծանոթության համար։
Բայց մենք, իհարկե, բոլորի խոսակցություններից նմուշներ չպետք է բերենք։
Պարերն սկսվում էին։ Ասպետները շտապեցին աթոռների վերա վիճակ ձգելու և յուրաքանչյուրը՝ նրանցից մի զույգ իրեն և իր տիրուհուն հատկացնելով, կապեց նրանց միասին յուր սպիտակ թաշկինակով ապագա կադրիլի համար և ինքը պատրաստվեցավ նախերգանք վալսում շահատակելու։
Վալսը սկսվեցավ. սև ֆրակներն ու սպիտակ ձեռնոցները փաթաթվեցան ճկուն ու դյուրաթեք մեջքերին, նրբաստեղծ շրջազգեստներն իրենց փրփրադեզ քղանցքներով մտան ասպարեզ, ակումբի դահլիճը կերպարանափոխվեցավ, մարդ թև կին թիթեռներ դարձած սկսան ճախրել աջ ու ձախ։ Վալսը գնալով տաքանում էր, մարդիկ ոգևորվում էին, կանայք հիանում կամ բարկանում. բայց ընդհանրապես երևում էր, որ բոլորն էլ գոհ էին, թե՛ պարող և թե՛ նայող, բոլորի երեսին էլ փայլում էր հրճվանք, կարծես աշխարհում մի քանի րոպեի մեջ վշտերը չքացել էին։
Երկար շարունակվում էր վալսը, ասպետներից յուրաքանչյուրն արդեն հոգնեցրել էր մի քանի տիրուհիներ և ձեռնոցները ձգձգելով դեռ որոնում էր ուրիշները։
Բարեբախտաբար պարոն պարապետն ասպարեզը դատարկ գտնելով լռեցրեց երաժշտությունը և վերջ տվավ ծայրահեղ ոգևորություններին։
Մի փոքր ժամանակից ետ, երբ պարախումբը պատրաստվել էր արդեն առաջին կադրիլի համար և ճակատ առ ճակատ կանգնած սպասում էին պարապետի հրամանին, շտապավ ներս մտավ դահլիճը պարոն Գևորգ Սիմբրյանը, որի հետ ընթերցողները առաջին գլխում ծանոթացան, և սկսավ անհանգստությամբ չորս կողմը հածել յուր աչքերը։ Ըստ երևույթին նա պտրտում էր մեկին, բայց ո՞վ էր այդ մեկը, հայտնի չէր: