— Շատ լավ. բայց չնայելով երկու օր շարունակ իմ նրա գլխին կարդացած քարոզներին, այսուամենայնիվ քո պարոն որդին մնում է յուր համառության մեջ, և այդպիսով չարաչար անպատվում է ինձ։ Իմ վերջնական վճիռը հայտնելուց առաջ, ես կամենում եմ քո միտքն էլ իմանալ. ասա՛ ինձ, արդյոք այս բանում դու էլ համաձա՞յն ես քո որդու հետ, թե՞ ոչ։
— Ամուսնացողը Պետրոսը ինքն է. եթե նա չի հավանում աղջկան, ես ի՞նչ կարող եմ ասել նրան։
— Ուրեմն դուք երկուսդ էլ, մայր և որդի, միացել եք ինձ դեմ, ինձ խայտառակելո՞ւ համար։ Եթե այդպես է, ես կամա-ակամա պիտի պաշտպանեմ ինձ։ Թշնամուն ոչ ոք յուր տան մեջ չէ պահում. այդ պատճառով ես անհրաժեշտ եմ համարում հայտնել ձեզ, որ այսօր ևեթ թողնեք դուք իմ տունը՝ երբեք էլ այստեղ ոտք չդնելու պայմանով։ Ես կամենում եմ մխիթարվել գոնե նրանով, որ տան մեջ ես թշնամիներ չեմ պահում…
Այս խոսքերը Թովմասն արտասանեց այնքան լուրջ և վճռական ձայնով, որ տիկին Հռիփսիմեի մեջ էլ կասկած չմնաց, որ յուր անողոք տագրը վերջնականապես արտաքսում է իրենց յուր տնից։ Իսկույն նրա աչքերը արտասուքով լցվեցավ և նա սկսավ լալ։
Պետրոսը տեսնելով մոր արտասուքները, մի արհամարհական ակնարկ ձգեց յուր անսիրտ հորեղբոր վերա և դիմելով դեպի մայրը, գրկեց նրան և սրտառուչ ձայնով ասաց.
— Մի՛ լար, իմ անգին մայրիկ, քո Պետրոսը դեռ կենդանի է. նրա սրտում այնքան ուժ կա, որ կարող է մշակություն անել և ազատ ապրեցնել քեզ քո ազատ տան մեջ. գնանք, գնանք այստեղից, ուր անսիրտ և դաժան բռնությունից զատ ոչինչ չես տեսել դու…
Այս ասելով երիտասարդը բռնեց արտասվող մոր թևից և դուրս հանեց նրան սենյակից։
Երբ նրանք իջնում էին սանդուղքներով, տ. Հռիփսիմեն հարցրեց.
— Ո՞ւր ես տանում ինձ, որդի, ո՞ւմ կարող ենք մենք այժմ դիմել…