Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բավական արդյունավոր։

— Բայց ո՞րտեղ։

— Դատարանում։

— Կատակ չե՞ս անում։

— Իհարկե ոչ։ Դու անշուշտ հիշում ես, որ այստեղ հաշտարար դատարանում մի հին գայլ կար, որ ատենադպրի պաշտոն էր վարում։

— Այո՛, հիշում եմ, Միկիթ-բեկը, որ իմ հորեղբոր բարեկամն էր։

— Քո հորեղրոր բարեկա՞մը։

— Այո՛, նա նրա իդեալն էր։

— Հասկանալի է, ագռավի խնամին կաչաղակն է լինում․ բայց ինչ որ է, այդ պարոնը յուր մի քանի բարեկամների համար մի ինչ որ կապալի առաջարկության թղթեր պատրաստելում խարդախություն է արել, որի մասին այդ բարեկամները գանգատ են տվել դատարանին, ներկայացնելով ընդնմին նրա ձեռքով պատրաստած թղթերը. գործը հանձնված է այժմ իմ քննության, իսկ պ. ատենադպիրը արդեն հրաժարեցրած է յուր պաշտոնից։ Հետևապես այդ պաշտոնը պարապ լինելով, նրան առայժմ վարում է սեղանապետը։ Հաշտարար դատավորը, որ մի երիտասարդ, ազնիվ սրտով և զգացմունքներով համալսարանական է, շատ սրտակից բարեկամ է ինձ հետ։ Ես կխնդրեմ նրանից այդ պաշտոնը քեզ համար, և հույս ունիմ, որ նա չի մերժիլ իմ խնդիրը։

Պետրոսի դեմքի վերա փայլեց մի ուրախության ժպիտ. նա բռնեց Սերոբյանի ձեռքը և ջերմությամբ սեղմելով նրան ասաց․

— Սիրելի բարեկամ, այդ շնորհը, որ անում ես դու, ամենաթանկագինն է ինձ համար աշխարհում. բայց աղաչում եմ, եթե հնար է, այսօր ևեթ վերջացրու գործը, որովհետև ես երդվել եմ չվերադառնալ իմ Աստղիկի մոտ, մինչև որ հաստատուն պարապմունք չգտնեմ ինձ համար։

— Եթե այդպես է, շատ լավ․ այս րոպեին իսկ կարելի է դիմել իմ բարեկամին,— պատասխանեց Սերոբյանր,— նա այնքան բարի է, որ ժամանակի խտրություն չէ ճանաչում․ գնանք միասին, ես նրան կծանոթացնեմ քեզ հետ և մինչև