միայնակ թողնենք։ Հենց որ նրանք պ. Թովմասի հետ տեսնվեցան, էլ մեր բանը շլոր է. պետք է առաջուց պայման դնենք նրանց հետ, հետո մեր ստորագրությունր տանք։
— Օհո՛, դուն էլ խելք ես սովորեցնում տեր Ստեփանին, մազերս այդ տեսակի խաղերի մեջ է սպիտակել ու դու ասում ես առաջուց պայման դնենք ու հետո մեր ստորագրությունը տանք։
— Բայց գիտե՞ս, տեր Գարեգինին լա՛վ վարձատրություն կլինին խոստացած, որ նա այդքան ջերմեռանդությամբ է աշխատում։
— Իհարկե, դու չգիտես, թե նա ի՞նչ ճիզվիտն է. արտաքուստ այնպես է պահում իրեն, որ կարծես թե մարմնացյալ առաքինությունը ինքն է, և մենք շատ անգամ հիմարաբար քաշվում ենք նրանից։ Տես թե այս գործի մեջ դիմակը ի՞նչպես պիտի մերկանա։
— Չէ, ասենք տեր Գարեգինը այդքան էլ խորամանկ չէ, բայց ա՛յն քահանան էլ չէ, ինչ որ երևում է։
— Այս երեկո ամեն բան կպարզվի։
Մի կես ժամից հետո քահանայական ժողովը գումարված էր հոգևոր ատենի սենյակներից մինում։ Նախագահում էր բարեկարգիչը. նրա աջ կողքին նստած էր անդամ տեր Սարգիսը, հետո տեր Հոսեփ և տեր Օհաննես անդամները։ Չախ կողքին նստել էր տեր Ստեփանը, հետո տեր Խաչատուրը և նրանցից վերջը տեր Գարեգինը։
Նախագահը մի փոքրիկ ճառով ժողովը բանալով՝ առաջարկեց ժողովին տեր Գարեգինի ձեռքով կազմած ճյուղագրությունը և հարցրեց նրանից.— Կարելի՞ եք համարում արդյոք այս ճյուղագրությամբ ազգակցություն ունեցող զույգերի մեջ ամուսնություն. հայտնեցեք յուրաքանչյուրդ ձեր կարծիքը։
— Ես անկարելի և անհնարին եմ համարում,— առաջինը խոսեց տեր Սարգիսը.— որովհետև մենք ունինք եկեղեցական կանոնադրություն, որ սրբագործված է Ներսես Շնորհալու ձեռքով և որի մեջ սրբազնասուրբ հայրապետը ասում