այստեղ ծառերի մեջ, մի ախորժալուր շրշյուն էր հանում։ Չնայելով որ այս ուղղությամբ մենք բավական ճանապարհ անցանք, այսուամենայնիվ, անտառը դեռ չէր վերջանում և ծառերն անընդհատ հովանավորում էին մեզ։ Այդպիսով մենք անցնում էինք մեծ ու փոքր ձորակներ, մանր ու խոշոր բլրակներ, քերում էինք սարերի կողերը, թեքվում աջ, թեքվում ձախ և սակայն շարունակ անտառի միջով։ Անշուշտ արևը այրում էր դրսում, վասնզի թռչունները ձայն չէին հանում, բոլորը դարել, դադարել էին բունիկների մեջ։ Միայն անհանգիստ ճնճղուկներն էին, որոնք չրթչրթում էին արեգընդդեմ մացառներում, կամ մի քանի սարյակներ, որոնք մի ծառից մյուսի վրա թռչկոտելով՝ լսեցնում էին մեզ իրենց փափուկ շվշվոցը:
Շուտով հասանք մի տեղ, ուր ընդարձակ տարածության վրա, ծառերի փոխարեն, շեղջակույտ դարսված էին հսկայաձև ժայռեր ու խոշոր ամբարտակներ։ Ինձ թվում էր, թե անտառն արդեն վերջացավ: Բայց Պետոն բացատրեց, որ տարիներ առաջ այդ տեղը նույնպես ծածկված էր ծառերով, սակայն մի սաստիկ երկրաշարժի ժամանակ լեռան կոկողերից իջած այդ փլվածքը ծածկել է անտառի ծառազարդ մասը և նրա հետ միասին անհետացրել մի հորդ աղբյուր, որ բխում էր հենց նույն փլած տեղի վրա։ Եվ, իրավ, երբ այդ քարակարկառն անցնելով՝ խոտորեցինք դեպի սարի աջակողմը, տեսանք որ, իսկապես, այս տեղից է սկսվում իսկական անտառը, ուր սակայն ծառերը խիտ չէին այնպես, ինչպես մինչև այժմ: Այստեղ մի ծառի բունը հեռու էր մյուսից հինգ կամ տասը քայլով, բայց և այդ ծառերը մի-մի բուրգեր էին: Մի տեղ հինավուրց կաղնին յուր հսկա բնով և ահագին ճյուղերով գրավում էր գետնի մի ընդարձակ շրջապատ, ճնշելով յուր հովանու տակ փոքրիկ ու նիհար ծառեր։ Մի ուրիշ տեղ՝ հաճարուկն յուր անոստ բնով ձգվել, բարձրացել էր ինչպես սրբազան տաճարի սյունը և պսակաձև կատարը մատնել հողմերին։ Նրանցից հեռու խրոխտաբար կանգնած էր հաստարմատ հացին, հաստաբուն ճյուղերով և մանր ու սուր տերևներով։ Սրան մրցակից էր մեծափառ սոսին, բրգաձև բնով և լայնասաղարթ ոստերով: