Էջ:Muratsan, vol. 2.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոմանք լծած սայլերով, ոմանք բեռնաբարձ ձիերով ու ավանակներով, իսկ շատերը` միայնակ, մի ցուպ ձեռքներին կամ մի պարկ շալակած։ Այդ բոլորից արդեն երևում էր, որ մենք հեռու չենք այն գյուղից, որ իմ ամառային կայանն էր լինելու։

Հունիս 3

Մութը կոխել էր։ Լուսնի արծաթափայլ սկավառակը հուշիկ բարձրանում էր լեռների ետևից և աղոտ լույսով սար ու ձոր լուսավորում։ Շրջակա զառիվայրերը հետզհետե ծածկվում էին արոտից վերադարձող նախիրներով ու հոտերով։ Կովերի բառաչը, մաքիների մայունը, տավարածի հա՜-հո՜ները և հովվական սրնգի մելամաղձիկ երգը, որ հնչում էր մթապատ ձորամիջում, խառնվելով միմյանց մի հաճելի աններդաշնակություն էին կազմում։ Որքան մոտենում էինք գյուղին, այնքան աղմուկն ու շշուկը ավելանում էր։ Ն․ գյուղը հասնելով՝ մենք իջանք տեղական քահանայի տանը։

Հայոց գյուղերում երկու տուն կա, ուր ճանապարհորդը վստահությամբ և առանց հարցուփորձի կարող է իջևանել։ Առաջինը՝ տանուտերի տունը, որ ավելի պաշտոնական մարդկանց է հյուրընկալում, երկրորդը՝ քահանայի, ուր ամեն բարի հայ սիրով է ընդունվում։ Թեպետ հասարակ գյուղացին էլ յուր հյուրասիրությամբ ետ չէր մնում այդ երկուսից, այնուամենայնիվ, ճանապարհորդը միշտ չէ վստահում մոտենալ նրան՝ զգուշանալով ավելորդ նեղություն պատճառելուց։

Երբ ներս մտանք քահանայի տան բակը, մեզ իսկույն դիմավորեց մի բարձրահասակ և բարեկազմ երիտասարդ, որ ուրախ ժպիտով մեզ ողջունելուց հետո, մոտեցավ ինձ օգնելու, որ ձիուց իջնեմ։ Ես, իհարկե, նեղություն չտվի նրան և իսկույն իջնելով, սեղմեցի ձեռքը, որ նա կանխավ ուղղել էր ինձ առանց սպասելու, որ ուղեկիցս հայտնե նրան իմ ով լինելը։

Դա, ինչպես հետո իմացա, քահանայի ամուսնացած որդին էր։