Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ մեկուսացած լեռների մեջ այդպիսի մի քահանա տեսնելն ինձ համար մի հաճելի անակնկալ էր։

— Ինչպես տեսնում եք, մենք բոլորովին կտրված ենք աշխարհից,— ասում էր տեր-հայրը,— օրհնվի լրագիր հնարողը, այս հեռու անկյունում, ուր տարիներով քաղաքացու երես չենք տեսնում, մեր միակ մխիթարությունը՝ լրագիրներն են։ Այնքան անձկությամբ ենք սպասում նրանց, որ եթե որոշյալ ժամանակից ուշանում են, իսկույն ձի եմ նստում և նրանց ետևից, կես օրվա ճանապարհ— մինչև վանքը գնում։ Քաղաքից կոնսիստորը վանահոր անվամբ է ղրկում թերթերը, իսկ հայր-սուրբը շատ անգամ ուշադիր չէ լինում ժամանակին հասցնելու։

Իմ հարցին թե՝ այդ լրագիրներից միայն ինքը՝ տեր-հայրն է օգտվում, թե՞ ժողովրդին էլ մասն է հանում, նա պատասխանեց.

— Ինքս էլ շատ տարի չէ, ինչ սկսել եմ լրագիր կարդալ։ Օրհնվի մեր կույսը, նա վաղուց էր թերթ ստանում և հաճախ կարդում ինձ մոտ, աշխատելով սիրելի անել ինձ յուր կարդացածները։ Եվ իրավ, մի տարուց հետո, ես այնքան սիրեցի լրագիրը, որ կարևոր համարեցի ինքս ստանալ և անձամբ կարդալ, որպեսզի կույսին միշտ նեղություն չպատճառեմ։ Փառք աստուծո, ես նյութապես ապահով եմ և հեշտությամբ էլ վճարում եմ լրագրի գինը։ Երբ լրագիր կարդալն ու հասկանալը ինձ համար հեշտացավ, մեր կույսը խորհուրդ տվավ ինձ հետաքրքրական և հեշտ հասկանալի կտորները կարդալ և հասկացնել նաև իմ ժողովրդին։ Ես հետևեցի նրա խորհրդին և մի կիրակի, ճաշից հետո, երբ գյուղի գլխավորները հավաքվել էին ինձ մոտ, կարդացի նրանց առաջ լրագրի մի քանի կտորներ և բացատրեցի։ Այդ նորությունն այնքան դուր եկավ նրանց, որ այդ օրից սկսած ամեն կիրակի, ճաշից հետո հավաքվում է մեր բակը բազմաթիվ ժողովուրդ և սիրով լսում է իմ ընթերցումն ու բացատրությունները։

Տեր-հոր հաղորդածները ինձ համար հաճելի նորություններ էին։ Այդպիսի քահանայի հովվության հանձնված