մտաբերեց ա՛յն բախտավոր օրը, երբ Ամալիան յուր սիրելի ամուսինը կլինի և յուր տան մեջ էլ նույնպիսի ոգևորությամբ կերգի և կնվագի դաշնակը. այն ժամանակ նա կհիշեցնե նրան այս միևնույն օրը, երբ ինքը դահլիճի մեջ կանգնած զմայլմամբ լսում էր իրեն առանց համարձակվելու խանգարել նրա մենավոր ոգևորությունը։
«Այսօր ես այստեղ կանգնած եմ անվստահ հույսով՝ թե արդյոք պիտի հաջողեմ քեզ ժառանգելու,— մտածում էր ինքն իրեն երիտասարդը,— բայց կգա երևի մի օր, երբ ես առանց քո գիտության կկանգնեմ իմ սեփական դահլիճում և այսպես կլսեմ քո դաշնահարությունը. բայց ո՞վ երջանկությունս, այն ժամանակ այսպիսի կասկածներ չեն տանջիլ ինձ, այն ժամանակ հանգիստ սրտով կսպասեմ քեզ հետ գրկախառնվելու րոպեներին»։ Բայց նա երկար չկարողացավ այս երազներով զբաղվել։
— Դուք կարող եք ներս գնալ,— լսեցրեց յուր անհաճո ձայնը ծերուկ առաջնորդը,— երգելուն մի՛ նայեք, մեր իշխանուհին ամեն օր է երգում։
Մաշտոցյանր կարծես քնից արթնացավ. նա չէր սպասում սպասավորի նկատողությանը, որովհետև չգիտեր էլ թե նա յուր հետևում կանգնած է. այժմ ստիպված էր առաջ գնալու: Երբ ներս մտավ, իշխանուհի օրիորդը դեռ երգում էր․ նա այնպես ձևացրեց, իբր թե չէ նշմարում Մաշտոցյանին։ Վերջինս մնաց կանգնած, մինչև որ օրիորդը յուր նվագը վերջացրեց։ Դարձնելով յուր դեմքը, նա տեսավ Մաշտոցյանին:
— Օ՜հ, դո՛ւք այստե՞ղ, հազար ներողություն, ինչպե՞ս պատահեց, որ ես ձեր գալը չիմացա,— զարմացմամբ բացականչեց օրիորդը և քաղաքավարությամբ առաջարկեց նրան նստել հանդիպակաց բազկաթոռի վերա։
— Իշխանուհի, դուք ա՛յնպես գեղեցիկ և ա՛յնքան հրաշալի եք երգում, որ ես կցանկանայի ամբողջ օրն աննկատելի մնալ ձեզանից, միայն թե լսեի ձեր կախարդող մեղեդին։
— Շնորհակալ եմ ձեր հաճոյախոսության համար. ես հազիվ թե արժանի եմ նրան,— ժպտալով պատասխանեց օրիորդը։