Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրեին, որքա՜ն քիչ բան կունենայինք այդ առթիվ կարդալու…

Հետևյալ օրը Գարեգինը որոշյալ ժամանակից ուշացավ։ Հայրս արդեն ծառայությունից վերադարձել էր, և մենք նստած՝ հենց Գարեգնի վրա էինք խոսում, երբ նա ներս մտավ։ Հետո իմացա, որ նա դիտմամբ էր ուշացել։

— Շատ ուրախ եմ, որ ծնողներդ էլ այստեղ են,— ասաց նա,— նրանք էլ ձեր շարադրության ընթերցումը կլսեն. հապա, բերեք, կարդացեք։

Ես ուրախությամբ վերցրի սեղանից իմ երեք թերթից բաղկացած շարադրությունը և սկսա պարզ ու մեկին առոգանությամբ կարդալ։

Կարդացի, երկար կարդացի։ Գարեգինը մերթ ընդ մերթ ընդհատում էր ինձ «կեցջիք», «ապրիք», «շատ գեղեցիկ» խոսքերով։ Երբ ես ավարտեցի, նա սկսավ խոսել։

— Իմ ուրախության չափ չկա, բոլոր աշխատությունս վարձատրված եմ տեսնում այսօր, ես գոհ եմ,— ասաց նա և ի նշան շնորհակալության, իմ ձեռքը սեղմեց։ Ապա դառնալով ծնողներիս, շարունակեց. — Այսուհետև օրիորդ Աննան ինքը կարող է առաջ գնալ, որքան և ցանկանա։ Նա հայերեն լավ գիտե, պատմություն սովորել է, ռուսերենին տեղյակ է, նրան մնում է կարդալ և միշտ կարդալ։ Բայց այդ էլ, իհարկե, զգուշավոր ընտրությամբ։ Ոչինչ այնպես չի խանգարում կանոնավոր զարգացումն, ինչպես խակ մտքերով և մոլար վարդապետությամբ տոգորված գրքերը կամ լրագիրները։ Այդ պատճառով ես ինքս կարող եմ միշտ ընտրել ընթերցանության համար պիտանի գրքերը և ուղարկել օրիորդին կարդալու։ Ինչ վերաբերում է ինձ, ես, իհարկե, այսօրվանից օրիորդի նկատմամբ հանձն առածս պաշտոնը կատարած, վերջացրած եմ համարում, հետևապես և ձեզ ամեն օր այցելելու պատիվը չեմ ունենալ։

Վերջին հայտարարությունը կարծես ինձ հարվածեց և բոլոր տունը գլխիս շուռ բերավ, բայց ես ջանք արի պահել ինձ զոռով։

Ծնողներս երկար և ջերմաջերմ շնորհակալություն արին ուսուցչիս խնդրելով նրան՝ հաճախ այցելել իրենց։ Ես