խրախուսում էի և փորձը նորեն կրկնել տալիս, մինչև որ հաջողությունը ձեռք էինք բերում։
Այսպիսով, ըստ իմովսանն, օգնում էի գյուղացուն յուր դժվարաքիրտն աշխատությունը բարվոք գործադրելու։ Եվ որովհետև այստեղի ժողովուրդն ինքն ի բնե ուշիմ և ընդունակ է, ուստի իմ սովորեցրածները յուր ունեցած փորձառության հետ միացնելով կարողանում է հին ժամանակներից ավելի օգուտ քաղել յուր աշխատությունից։
Քաղաքներում ապրող մեր գործողներն, առհասարակ, ա՛յն կարծիքի են թե՝ գյուղում գործելու ասպարեզ չկա, թե ձանձրույթն ու պարապությունը կարող են այստեղ մարդուն խեղդել։ Մինչդեռ ես, չգիտեմ թե որքան ժամանակ էլ պիտի ապրեմ, որ գյուղական ժողովրդի մեջ կատարելիք կարևորագույն գործերի գեթ մի մասը կարողանամ կատարել։ Քաղաքներին կյանք մատակարարողը գյուղն է, ինչպես և ազգի կենդանության ուժ տվողը՝ գյուղացին։ Ով որ կամենում է ազգի կենդանությունը զորացնել, նա պիտի գյուղը գա գործելու, զի ծառը ջրելու և ուռճացնելու համար, նախ նրա արմատները պետք է հագեցնել…
Քույր-Աննան յուր պատմությունը, գրեթե, ավարտել էր։ Այժմ ես գիտեի թե՝ այնքան շատ ինձ հետաքրքրող «միանձնուհին», ո՞վ էր։ Սակայն մնում էր իմանալ էլի մի բան․ այսինքն այն թե՝ յուր թված բոլոր այս գեղեցիկ գործերը, որոնցից ավելին ինքս ամեն օր տեսնում էի իմ աչքով, արդյո՞ք նա առանց դժվարության և արգելքների էր սկսել և գլուխ հանել, թե՞ հանդիպել էր նաև խոչընդոտների։ Եվ եթե այս վերջինները եղել էին, ապա ի՞նչպես նա, մի տկար կին, կարողացել էր կոպիտ գյուղացու ստեղծած արգելքների դեմ կռվել։ Իմ այդ հարցին նա պատասխանեց․
— Աշխարհում ես չգիտեմ դեռ մի գործ, որի կատարելն ազատ լիներ արգելքներից։ Գոնե իմ փորձերից սովորած՝ ես կարող եմ ասել, թե նույնիսկ ամենադյուրին համարված գործը, կապ ունի միշտ մի արգելքի հետ։ Սակայն այդ արգելքները, կարծում եմ, միշտ էլ վնասակար չեն։