Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն ձևով էր վարվում և՛ տանուտերը, երբ խոսում էի նրա հետ և սկսելիք գործի կարևորությունը բացատրում՝ իրեն մատչելի օրինակներով։ Նա ինձ հասկանալով և իմ խոսքերից համոզվելով հանդերձ՝ խնդրում էր թողնել գործը մի ուրիշ անգամի, կամ գալ տարվան։ «Մինչև այն ժամանակ գուցե, գյուղացիներին կարողանամ համոզել», — ասում էր նա և սակայն այնուհետև գյուղացիների հետ ոչինչ չէր խոսում, կամ եթե խոսում էր, հարցն այն ձևով էր դնում, որ լսողները ոչ հետաքրքրվում և ոչ էլ ուշադրության էին առնում այն։

Ո՛չ մի բանից այնքան չէ խորշում գյուղացին, որքան ա՛յն նորություններից, որոնք հակառակում են գյուղի նահապետական սովորություններին։ Գյուղացու այդ հատկությունը հարգելի է արդարև յուր ունեցած առաքինությունների ու խիստ բարոյականի նկատմամբ, բայց նույն հատկությունն անպայման վնասում է նրան, երբ խնդիրը գալիս է յուր աշխատությունը և արդյունագործելու հին եղանակը բարեփոխելուն, կամ գյուղի մեջ հանրօգուտ մի հաստատություն հիմնելուն։ Նա դրանց դեմ էլ, համարյա, նույն ուժովն է կռվում, ինչ ուժով որ կկռվեր, եթե մինը համարձակվեր ձեռնամուխ լինել յուր բարոյականը խախտելուն։ Ուղեղի ծուլությունն, առհասարակ, թագավորում է գյուղերում և այդ է պատճառը, որ գյուղացին խորշում է միշտ սկսել այն՝ ինչ որ չեն սկսել յուր հայրը, կամ պապը։

«Այդպիսի դեպքերում ես վերադառնում էի իմ խուցը տխուր և շատ անգամ հուսահատ։— Ի՞նչ պիտի կարողանամ անել այս ժողովրդի համար, քանի որ նա ինքը չէ կամենում յուր բարին,— մտածում էի ես.— մի օր, այո՛, այն կարծիքին էի, թե ամեն ինչ կարող եմ անել, ամեն արգելքների կարող եմ հաղթել, բավական է, որ հաստատ կամք և գործելու եռանդ ունենամ… բայց այժմ, ահա, տեսնում եմ, որ բարիք գործելու համար էլ բավական չէ գործողի կամքը, այլ նրան պիտի միանա նաև բարիք ստացողի ցանկությունը»։ Այսպես էի մտածում, այո՛, բայց հետո տեսնում, որ մտածելով ոչինչ չէր առաջանում, պետք էր գործել։ Եվ ես դարձյալ մտնում էի գյուղը․ խոսում էի, հորդորում էի, որին