Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ իրենց կողմից են սկսում ավելի անմտագույն առարկություններ անելը առանց որ այդ առարկությունները կապ ունենային իրար հետ։ Եվ ահա բարձրանում է աղմուկը, գոռում, գոչում են գյուղացու առողջ և զվարթ ձայներով և առանց միմյանց հասկանալու, սկսում նախատինք ու լուտանք թափել իրար վերա։ Այնուհետև ես ամեն խնդիր մոռացած` զբաղվում եմ քահանայի օգնությամբ նրանց հանգստացնելով և ժողովը ցրելով։

Դրանից հետո, ասենք, գալիս է ինձ մոտ հակառակ կուսակցությունը և յուր պատրաստակամությունը հայտնում առաջարկությունս կատարելու։ Բայց ես զգուշանում էի նրա պատրաստակամությունից օգտվել, որովհետև դրանով պիտի գրգռեի մյուս կուսակցության զայրույթը և մշտական թշնամի դարձնեի նրան իմ բոլոր ձեռնարկություններին։ Գյուղերում, մանավանդ, պետք է զգուշանաք այդպիսի բաժանումներ ստեղծելուց։ Որովհետև եթե քաղաքներում իսկ` համեմատաբար ավելի հասկացող և զարգացած կուսակցությունը, կրքից կուրացած, չէի կարողանում հակառակորդ կուսակցության գործերի մեջ լավը տեսնել և խոստովանել, ի՞նչ կարող է լինել գյուղերում, ուր ժողովուրդն ավելի տգետ, ավելի նեղհայաց, հետևապես և ավելի եսասեր է։

Այս պատճառով իսկ հաճախ իմ առաջարկած կարևոր գործը հետաձգելով զբաղվում էի այս ու այն մարդու միմյանց հետ ունեցած թշնամության պատճառները հարցնելով ու քննելով և հետո ամեն հնար գործ դնում նրանց հաշտեցնելու, գժտության կրճիմը մեջտեղից բառնալու, համոզված լինելով, որ դա ևս մի օգտավետ ծառայություն է և, մանավանդ թե, անհրաժեշտ։ Որովհետև հակառակությունը մեջտեղից վերցվելուց հետո, գործի ճանապարհը հարթվում էր ինքն իրեն։

Բայց երբ մի քանի տարի անցան և գյուղացիներն իրենց աչքով տեսան իմ առաջարկած ու սկսած գործերի շոշափելի օգուտները, այնուհետև նրանք իմ հլու հպատակները դարձան։ Էլ կարիք չէր չինում նրանց հետ երկար խոսելու կամ համոզելու։ Այժմ նրանք ինձ հավատում էին կուրորեն