Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցավերով չվշտանալ, նրա բախտավորությունից զատ` ուրիշ բախտավորություն չխնդրել…»։ Եվ այս խոսքերը մեծ-մեծ տառերով տախտակի վրա օրինակելով` կախեցի իմ սենյակի ճակատին։ Այնուհետև ամեն օր կարդում էի նրանց և հոգեպես կազդուրված` իմ գործը շարունակում։

Բայց հետո, իհարկե, տարիները հոլովվելով` վաղեմի զգացումներն էլ հետզհետե թուլացան. մանավանդ որ ես շարունակ ճնշում էի նրանց։ Իմ սկսած գործը գնալով մեծացավ, բարգավաճեց և իմ բոլոր հոգսերն ու մտածմունքը գրավեց։ Այնուհետև շարունակ ես զբաղված էի այդ գործերով և իմ ուժը մինչև անգամ չէր բավում բոլորին։ Եվ ստիպված էի շատ բան թողնելու մեր քահանային, նախապես նրան գործելու եղանակը սովորեցնելով։ Եվ տեր-հայրը, պետք է խոստովանել, ամենահավատարիմ հետևողը դարձավ իմ օրինակին։

Իսկ այժմ, երբ ես դառնում նայում եմ իմ այս քսանամյա գործունեության վրա, տեսնում եմ թե` ինչպե՜ս մի տկար կնոջ կամքը կարողացել է այսքան գործ կատարել, հրճվում, մխիթարվում եմ և շարունակ օրհնում իմ սիրելի և իմաստուն ուսուցչին, որ յուր հոգեշունչ խոսքերով վառեց, բորբոքեց իմ սիրտը և ուխտել տվավ ինձ այս սրբազան ուխտը։ «Հեռացե՛ք աշխարհից, բայց մի՛ մտնեք, կուսանոց,— ասաց նա ինձ.— գնացեք հեռու-հեռու, դեպի կորած հայ գյուղերը, դեպի ա՛յն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները, որի մեջ օրըստօրե նվազում, հանգչում է կենդանության ուժը, գնացեք այնտեղ, ուր տգիտությունը բռնացած` քանդում, ավերում է ինչ որ պատմական ժամանակներից մնացել է գեղեցիկ և հարգելի։ Մտեք այդ ժողովրդի մեջ, նվիրեցեք ձեզ նրա բարօրության և նրա մանկանց կրթության գործին։ Սովորեցրեք նրան ճանաչել յուր անցյալը, բարվոքել ներկան և գործել ապագայի համար։ Ուսուցեք նրան հարգել իրեն, սիրել ընկերին և պաշտպանել նրան, երբ հարկը պահանջի…»։ Ես լսեցի իմ ուսուցչին և հեռացա աշխարհից. ահա՛ իմ բոլոր պատմությունը…