որ նա տևում է երեք կամ չորս օր և այդ բոլոր ժամանակ ամբողջ գյուղն ուրախության և զվարճության մեջ է լինում։ Կովեր ու եզներ են մորթում, գինին ու օղին ջրի պես է հոսում, իսկ հրավիրյալները հարսանիքատան ներսն ու դուրսը լցված՝ ուտում, խմում են. մանավանդ, երբ հարսանիքը գյուղի հարստին է պատկանում։ Բայց այստեղ տեր-հայրը միայն մի օր ուներ հացկերույթ և այն՝ շատ պարզ պատրաստությամբ։
Իմ հարցին թե ինչո՞ւ այստեղի գյուղացիք ուրախանալ չգիտեն, քույր-Աննան պատասխանեց.
— Գյուղացիք ամեն տեղ էլ նույնն են։ Մանավանդ սյունեցիք ավելի շքեղ տոներ կատարել գիտեն։ Իմ նոր եկած տարիները ես այստեղ յոթ օր շարունակ հարսանիք եմ տեսել և սարսափել, որովհետև այդ ուրախության մեջ գյուղացու տան իսկական ավերումն եմ նկատել. մանավանդ, երբ իմացել եմ, որ դրանցից շատերը պարտքերով են այդ ուրախությունը կատարում։ Յուր չնչին փառասիրությունը գոհացնելու համար, գյուղացին քաղաքում պարտք է վերցնում տոկոսով և երկու երեք օրվա մեջ փոխ առածն սպառելով՝ հավիտյան ստրուկ է մնում վաշխառուի ձեռքին։ Այնուհետև նրա տունը, տեղը, անասունը, այգին վաշխառուի ստացվածքներն են։ Պարտապան գյուղացին դողալով է յուր պարտատիրոջ երեսը ելնում։ Նրա տարած ընծաները՝ կաթ, ձու, մածուն, կարագ կամ հավ, որ նա շարունակ յուր երեխաների բերանից է խլում, վաշխառուն ընդունում է իբրև իրեն հասանելի եկամուտ, սակայն առանց գյուղացու պարտքից մի սև փող իջեցնելու։ Եվ ինչո՞ւ համար այս բոլորը — միայն մի քանի օր զվարճանալու և հարևաններին զվարճացնելու համար։
Սակայն շատ տարիներ են, ինչ այս գյուղում այդ շռայլությունները վերացել են։ Գյուղացին, առհասարակ, ինքն էլ ուրախ է լինում, որ այդ ծանրության տակ չմտնե, միայն թե ընկեր-հարևանից է ամաչում։ Պետք է մինը լինի, որ ամենքին հավասարապես հորդորե այդ կորստաբեր ճանապարհից հեռանալ։ Եվ նրանք կլսեն նրան։ Ահա այդ դերն էլ ես հանձն առի, ժամանակին խոսեցի, բացատրեցի,