Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին։ Այդ սերն, իհարկե, արտահայտվում էր լոկ քնքուշ, մանկական բարեկամությամբ։ Եվ որովհետև երկուսն էլ չափից դուրս ուշիմ երեխաներ էին, ուստի իմ առանձին հոգածության առարկան դարձրի նրանց, նպատակ ունենալով, ինչպես առաջներն էլ ասացի, պատրաստել նրանցից իմ գործը շարունակող հաջորդներ։

«Պետք է հիշեմ նաև, որ Մանիշակը ա՛յն երիտասարդ գյուղացու աղջիկն է, որ առաջին անգամ ինձ, իբրև «միանձնուհի» այս գյուղը բերավ։ Նա ամուսնացավ իմ գալուց մի քանի տարի հետո և սա նրա առաջին զավակն է: Իսկ Պետրոսը որդի է մի այնպիսի մարդու, որ շարունակ իմ ձեռնարկություններին արգելք էր լինում։ Սակայն ես նրա տան միջից պատրաստեցի ինձ համար հավատարիմ օգնական:

Նշանակված օրը երիտասարդ զույգի պսակը կատարվեց։ Եկեղեցում ներկա էին քույր-Աննայի հետ միասին և յուր դպրոցի աշակերտներն ու աշակերտուհիները, որոնց առանձին խնամքով հյուրասիրեց Պետրոսի հայրը յուր գեղեցիկ պարտիզում։ Քույր֊Աննան, պսակված զույգը և ես այդ փոքրիկ հյուրերի հետ էինք, իսկ գյուղացի հրավիրյալները ուրախանում էին մեզանից հեռու գտնվող մի ուրիշ այգում, իրենց գլուխ ունենալով տեր֊Հովսեփին։ Այսպես էր կարգադրել ինքը, քույր֊Աննան, որպեսզի յուր սանիկները հանդիսատես չլինեին մեծերի ազատ զվարճությանը։

Այս տոնախմբությունների հետ միասին օգոստոսն էլ վերջացավ։ Քույր-Աննայի գուշակության համաձայն ես. բոլորովին կազդուրվել էի։ Պետք էր այժմ վերադառնալ քաղաք, ուսկից ամբողջ երեք ամիս բացակա էի։ Այս վերադարձն, իհարկե, ծանր չէր ինձ համար, բացի անձնական գործով զբաղվելու անհրաժեշտությունը, վաղուց էր ինչ հեռու էի մորիցս ու քույրերիցս, բարեկամ ու ծանոթ չէի տեսել, շատ մի նորություններից զուրկ էի և որքան էլ դեպի քաղաքի կյանքն անհամակիր, այսուամենայնիվ, այժմ փափագում էի վերադառնալ։

Բայց իմ գյուղացի բարեկամների, մանավանդ քույր-Աննայի