կերպ անձնվեր է եղել դեպի ինձ, որին ես արժանի եմ գտել իմ սիրուն… և վերջապես մի՞թե ես իրավունք չունեի իմ ապագա ամուսնուն սիրելու։
— Ամուսի՞ն, ի՞նչ ասացիր, դուք ուրեմն ամուսնացե՞լ եք,— կարծես ուրախանալով հարցրեց մայրը։
— Ոչ, բայց մենք պիտի ամուսնանանք. մենք եկանք առաջ քո օրհնությունն ստանալու։
— Օրհնությո՛ւն, բայց ինչու՞ համար. մի՞թե դու մոռացել ես, որ դու հայ ես, իսկ քո փեսացուն վրացի։
— Ո՛չ, մայր իմ, չեմ մոռացել. բայց այսպիսի դեպքում, երբ մենք արդեն սիրել ենք միմյանց…
Իշխանուհին կարծես հասկացավ աղջկա միտքը, և չկամենալով, որ նա յուր միտքը շարունակե, ընդհատեց նրան.
— Բավական է, աղջիկս. ես իրավունք չունեմ այժմ դավանության հարցերով զբաղվելու։ Վեր կաց, ես քեզ ներում եմ, միայն թե ամուսնանաս և չխաբես ինձ…
— Խաբե՞լ, աստված չանե, ի՞նչպես կարող եմ ես այդքան հանդգնությամբ ստախոսել։
— Որտե՞ղ է ուրեմն Պլատոնը։
— Նա հյուրանոցումն է և սրտատրոփ սպասում է, թե ինչ լուր կուղարկեմ ես նրա համար։
— Ի՞նչ լուր է սպասում նա։
— Թե արդյոք դոլ ներո՞ւմ ես մեզ և թո՞ւյլ ես տալիս մեզ ամուսնանալու։
— Նույնիսկ այս երեկո, եթե այդ կարող եք դուք։ Ձեր ամուսնությունն այսուհետև իմ սրտի միակ բաղձանքը պիտի լինի:
— Օ՜հ, մայր իմ, ինչպես կուրախանար Պլատոնը, եթե նա լսեր քեզ այս րոպեին։
— Ուղարկի՛ր ծառային նրա ետևից և թող նա շուտ գա մեզ մոտ։
Ամալիան իսկույն վազեց յուր առանձնարանը. նա նրան նույն դրութան մեջ գտավ, ինչպես թողել էր. բայց դեռ նրան ողջունելու և նրանով զբաղվելու ժամանակ չուներ, նա շտապավ վերցրեց գրիչ և թուղթ և գրեց իշխանին հետևյալ նամակը.