Ա
Իմ խոսքն այժմ երկրորդ իշխանուհու մասին է, բայց ոչ շինծու կամ կարկատած, այլ բուն ազնվատոհմ իշխանուհու որի պապերը մի օր նշանավոր մարդիկ էին, համբավ ու կշիռ ունեին և իրենց մեծ խելքով ժողովրդի բախտն էին կառավարում։
Բայց այդ մարդիկը մեռան և իրենց խելքի և հոգվո մեծությունն էլ իրենց հետ գերեզման տարին, թողնելով իրենց ժառանգներին միայն նյութական հարստություն և ա զ ն վ ա կ ա ն կոչվելու անբռնաբարելի իրավունքը։
Իսկ ժառանգներն ի՞նչ արին։— Իհարկե այն, ինչ որ բնական էր։ Նրանք իրենց համար նոր փառք և անուն ստեղծելու հետամուտ չեղան, որովհետև այդ նեղությունը կրել էին արդեն իրենց նախնիքը։ Նրանցից մի քանիսը, որոնք դեռ մեծարում էին պետական պաշտոնավարությունը, հետամուտ եղան նրան, և ի շնորհս հին բարեկամական կապերի և ոչ սեփական արժանավորության, ձեռք բերին նրան, իսկ մյուսները նստեցին հայրենական ապարանքում և անհոգությամբ սկսան շռայլել ժառանգած հարստությունները:
Եվ որովհետև հարստությունը, ինչպես դուք էլ գիտեք, դիմացկուն ապրանք չէ, այդ պատճառավ Ագապյան տան խնջույքները, պարահանդեսները և այլ իշխանական հարկիքները կես դար միայն կանոնավոր գոյություն ունեցան` սպառելով միևնույն ժամանակ այդ տան թե՛ անշարժ և թե' շարժական հարստությունները։