Էջ:Muratsan, vol. 2.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցնում էր ինքն իրեն թշվառ աղջիկը,- ի՞նչ պիտի պատասխանեմ ես իմ մորը և ի՞նչ` հասարակությանը… Ամենքը այժմ կուրախանան իմ դժբախտության վերա. որովհետև իմ հանդգնությամբ ես մերժեցի այն առաջարկությունը, որին արժանի էին ինձանից շատ ավելի բարձր աղջիկները…»։

Բայց էլ ի՞նչ կօգնե Ամալիային յուր զղջումը։ Նրան մնում էր մտածել, ի՞նչպես և ո՞ւր հանդիպեր Ջոմարջիձեին, նրա հետ յուր հաշիվը վերջացնելու համար։ Իսկ այնուհետև նա պիտի հանձնվեր աստծո կամքին։

Սակայն անցավ մի երկու ժամ և ծառան չէր երևում։ Ամալիան նորից սկսում էր անհանգստանալ։- «Մի գուցե այն աղջիկը խաբեց ինձ»,- ասում էր նա. բայց մտածելով, որ այդ դեպքում ծառան ավելի շուտ կվերադառնար, հանգստանում էր և ապա համոզվում, որ երևի հացկերույթը դեռ շարունակվում է։

Վերջապես ծառան եկավ։

-Հա, տեսա՞ր իշխանին,- շտապով հարցրեց նրան Ամալիան։

-Տեսա՛, տիրուհի, տեսա, տունն էլ ճանաչեցի,- պատասխանեց ծառան կարծես պարծենալով յուր հաջողության վերա։

Ամալիան հանգիստ շունչ քաշեց։

-Դե՛հ, այժմ պատմիր, թե ինչպես պատահեցիր նրան,- ասաց Ամալիան և ծառան սկսավ յուր պատմությունը։

-Ամենից առաջ ես գնացի «Պարիզ». նա՛, գիտե՞ք, գտնվում է մեծ փողոցի վերա։ Այնտեղի ծառաներից մեկը դրսումն էր, ես նրան հարցրի, թե այստեղ խնջույք կա՞, նա պատասխանեց որ կա. հետո ես հարցրի, թե իմ աղան այստե՞ղ է. նա հարցրեց թե ո՞վ է քո աղան, ես ասացի թե իշխան Պլատոն Ջոմարջիձեն. նա ասաց թե այստեղ է։

-Բայց ինչու՞ համար դու ասացիր, թե դու նրա ծառան ես, գուցե հյուրանոցի սպասավորը ճանաչում է նրա ծառային։

-Օ՜, այդ կողմից միամիտ եղեք, տիրուհի, իշխան Պլատոնը ծառա չունի։