Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և քաղաքավարությամբ ողջունլով նրանց՝ նստեց խմբագրի կողքին:

— Ներեցեք խնդրեմ, որ այսքան երկար սպասել տվի ձեզ։ Պիտի գիտենաք, որ ամենքիս համար կշիռ և նշանակություն ունեցող մի գործով էի զբաղված, — այս խոսքերով դարձավ երիտասարդը ժողովականներին և թաշկինակը հանելով սրբեց յուր քրտնած երեսն ու ճակատը։

— Օրիորդներն ու պարոնները ցանկանում էին, որ ժողովն ինքս բանամ, բայց ես հայտնեցի, որ այսօրվա առաջարկություններն իսկապես ձերը պիտի լինին, խոսեցեք ուրեմն, ժամանակն անցնում է, — հայտարարեց խմբագիրը։

— Կարծեմ ամեն խմբագրական ժողովներում առաջարկություններ անողը ես եմ, — խորհրդավոր ակնարկությամբ նկատեց Մոմճյանը և ժպտաց։

— Այդ միևնույն է, պարոն, գործին անցնենք, — ընդհատեցհատեց նրան երիտասարդ Մովսիսյանը։

— Իմ այսօրվա առաջարկությունը, պարոններ, ծանրակշիռ առաջարկություն է և խնդրում եմ, ար ամենքդ էլ պատշաճավոր ուշադրություն դարձնեք նրա վրա, — այս առաջաբանով սկսեց յուր խոսքը Մոմճյանը։

— Ձեզ հայտնի է, որ մեր թերթը թեպետ նոր, բայց արդեն հայտնի է դարձել։ Այդ մենք պարտական ենք ոչ թե նրա ներքին բովանդակությանը, որի արժանիքը դեռ չէ կարող գնահատել մեր հասարակությունը, այլ ա՛յն ջանքերին, որ մենք գործ ենք դրել մեծ թվով բարեկամներ վաստակելու և նրանց ձեռքով բաժանորդների թիվը շատացնելու: Սակայն այդ միջոցը մեզ օգնել է միայն հայտնի դառնալու, բայց նա, ինչպես այժմ տեսնում եմ, մեզ չի կարող հասցնել մեր բուն նպատակին, որ է՝ ստեղծել մեզ համար մի զորեղ կուսակցություն, որի շնորհիվ կարողանանք հասարակական որոշ գործեր մեր ձեռքն առնել։ Մեր թերթը համեստ ծրագիր ունի, նա չի կարող հասարակական հարցեր շոշափել, մտքեր գրգռել, աղմուկ հարուցանել. հետևապես նա երբեք էլ մեզ համար հիշածս կուսակցությունը չի ստեղծիլ: Բայց մենք պետք է կուսակցություն ունենանք. մենք պետք է կուսակցության առաջնորդ ու պարագլուխ հռչակվենք,