Էջ:Muratsan, vol. 3.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է խառնվեք, — դարձավ խմբագիրը Մովսիսյանին. — ինձ էլ շատ մի պաշտպանեք. այնպիսի խնդիրներ կան, որ միայն ինձ և պ. Մոմճյա... ոչ, այսինքն միայն պ. Մոմճյանին և մասամբ էլ ինձ են վերաբերում...

— Ցա՛ծ, ստո՛ր արարածներ, ձեր մեջ նստելն անգամ անպատվություն է... — զայրացած բացականչեց Մովսիսյանը և տեղից բարձրանալով ձեռքի մատիտը շպրտեց սեղանի վրա ու դեպի դուռը դիմեց:

— Վա՛, վա՛, ի՞նչ է պատահել, ո՞վ է քեֆիդ դիպել, Սարգիս ջան, — երիտասարդի առաջը բռնելով խոսեց տիկիև Մարթան, որ այդ րոպեին ներս էր մտնում ժողովականների մոտ։ — Արի, արի տեսնեմ. Շուշանը թեյ է բերում, արի թեյ խմիր, այդ ո՞վ է իմ սիրուն տղիս բարկացրել, ես նրա ցավը տանեմ, արի տեսնեմ...

— Թողե՛ք խնդրեմ, տիկին, ինձ մի՛ խանգարեք, — բարկացած խոսեց Մովսիսյանը և կամեցավ առաջ անցնել։

— Վա՛, դու կարծում ես թե բաց կթողնե՞մ. արի տեսնեմ, արի, հոգիս, ո՞վ է քու քեֆին դիպել, բոլորին դուրս կանեմ, է՛յ, աղջկերք, դուք հո չե՞ք իմ տղիս նեղացրել. Շուշանիս արևը գիտենա, թե ձեզ մարդու տամ, այնպես կանեմ, որ պատռվեք, տանը մնաք...

— Մենք ոչինչ չենք արել, տիկին, ոչինչ չենք արել, — ճչալով խոսեցին աղջկերքը գրեթե միաբերան։

— Թողե՛ք խնդրում եմ. պիտի հեռանամ, չեմ կարող մնալ, — նեղացած խոսում էր Մովսիսյանը, բայց տիկ. Մարթան շարունակ աշխատում էր քարշ տալ նրան դեպի ընկերակիցները։

Այդ միջոցին ներս մտավ սենյակը օրիորդ Շուշանը թեյի սկուտեղը ձեռքին։

— Հիմա էլ չեք գա՞լ, — խորհրդավոր ձայնով հարցրեց Մարթան և ժպտաց։

— Հիմա հո ավելի չեմ գալ, — ասաց երիտասարդը բարկացած և ձեռքը Մարթայի ձեռքից խլելով դուրս գնաց սենյակից:

— Ի՞նչ է պատահել, ասացեք, ի սեր աստուծո, —