Էջ:Muratsan, vol. 3.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ես չեմ վիրավորում, ես ծիծաղում հմա մի՞թե իրավունք չունիմ:

— Ոչ... ինձ վրա ծիծաղելու իրավունք չունիք:

— Ինչպե՞ս, իմ սենյակում ծիծաղելու իրավունք չունի՞մ...

— Դուք ինձ վրա եք ծիծաղում։

— Ուրեմն դուրս գնացեք այստեղից, ես կամենում եմ իմ ծիծաղը շարունակել, հա՛, հա՛, հա՛, հա ...

— Դուք մի ծաղրածու եք, պարոն,— բացականչեց Շաշյանը բարկացած և դուրս գնաց։

— Իսկ դուք կատարյալ խմբագիր եք,— հարեց Մովսիսյանը և յուր ծիծաղը շարունակեց։

Շաշյանը վերադառնալով յուր սենյակը, ձգեց սեղանի վրա դժբախտ նամակը և նստելով բազկաթոռի մեջ՝ ձեռքը դրավ ճակատին և սկսավ մտածել։

Հենց այդ միջոցին դուռը բացվեց և ներս մտավ չաչանակ Սերգոն պ. Սարյանի հետ:

— Աբա, տես թե քիզ համա ինչ բարեկամ իմ բերի, տեսնիմ թե ի՞նչ պտիս բախշի ինձ.— այս խոսքերով մոտեցավ Չաչանակը պ. Շաշյանին և ողջունելով նրան, ավելացրեց.— ձեր օլքցի է, ա՛յ. կուլի վուր ճանչնաս:

— Վա, Վահան. այս որտեղի՞ց. բարով, հազար բարով,— տեսնելով Սարյանին բացականչեց հանկարծ խբագիրը և ուրախությամբ առաջ վազելով գրկեց նրան և համբուրվեց։

— Բարով, բարեկամ, բարով, մի՞թե դուք էլ այստեղ եք. չէի սպասում։

— Այստեղ եմ, այստեղ եմ ձեր բարի աղոթքով. դուք այն ասացեք, ե՞րբ եկաք, ինչպե՞ս պատահեց, ի՞նչ գոծով, ի՞նչ դիտավորությամբ։

Սարյանը Շաշյանի հետաքրքրությունը գոհացնելու համար մի քանի համառոտ տեղեկություններ տվավ նրան և ապա հարցրեց.

— Որտե՞ղ է պ. Մոմճյանը, կամենում էի նրան տեսնել։

— Մոմճյա՞նը. մի՞թե դուք ծանոթ եք նրա հետ։