Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանող մի զառիվայր ճանապարհի վրա։ Շինությունը հին է, պարզ և աղքատ, այնպես որ շրջապատող տների մեջ եկեղեցի եղած լինելը չի նշմարվում։ Սակայն հարավային կողմից գեղեցիկ դիրք ունի, որովհետև կառուցած է Քուռ գետի ձախ ափից լեռնաձև բարձրացող և Հավլաբարի բնական սահմանը կազմող պարեխավոր ժայռերի վրա, որտեղից բացվում են թե՛ գետի և թե՛ նրան շրջապատող հեռավոր թաղերի ու այգեստանների գեղեցիկ տեսարանները։

Օրը կիրակի էր։ Առավոտյան ժամը տասից արդեն հավաքվել էին այդտեղ եկեղեցու թե՛ ծխականները և թե՛ ժամավորները (այդ ժամանակ դեռ վերջինների իրավունքը սահմանափակված չէր): Նրանք, մեծ մասամբ, աղքատ դասին պատկանող մարդիկ, արհեստավորներ և բանվորներ էին։ Որովհետև պատարագը վերջացել էր, ուստի ծխական թե ժամավոր խռնվել էին եկեղեցու բակը և զանազան խմբակների բաժանված խոսում էին, ոմանք իրենց ցավերի վրա, ոմանք օրվա նորությունների վրա, իսկ ավելի երիտասարդները զվարճախոսում և ծիծաղում էին։ Նրանք սպասում էին բարեկարգիչ քահանային։

Բոլոր ժողովականների մեջ միայն երեք հոգի կային, որոնք անհանգիստ դեմքով պտտվում էին խմբակների շուրջը, մոտենում էին այս ու այն ծխականին կամ ժամավորին, շշնջալով խոսում էին նրանց հետ, պատվերներ էին տալիս և ի վերջո խմբակներից հեռացնելով տանում էին նրանց եկեղեցու մյուս կողմը և մի-մի փոքրիկ քառածալ թղթիկներ ծածկաբար նրանց ձեռքը դնելով՝ հեռանում էին։

Այդ անհանգիստ դեմքով պտտողներից առաջինը չաչանակ Սերգոն էր, որը յուր անբաժան «տեր-ողորմյան» ետքին բռնած, գրեթե բոլոր Ժողովականների հետ անխտիր խոսում ու շաղակրատում էր։

Երկրորդը՝ գդակագործ Ծղալոբը, որը միայն յուր արհեստակիցներին և հավատարիմ բարեկամներին էր մոտենում։ Նա թեպետ քաշվող մարդ էր, բայց այն օրից ի վեր, որ «Արդար քրտինքով ապրողների թեյարանում» երազ էր տեսել, էլ հանգստությունը կորցրել և քաշվելը մի կողմն էր դրել։ Նա կամենում էր անպատճառ երեցփոխ դառնալ, որովհետև յուր