Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այն, որ եթե իմ սիրտը նվիրված է նրան, ապա ուրեմն ուրիշին սիրել չէ կարող։

— Ի՞մ մասին է Ձեր խոսքը։

— Այո՛, օրիորդ։

— Եվ այդ Ձեր վերջի՞ն խոսքն է։

— Այո։ Բայց խնդրում եմ, մի՛ նեղանաք ինձանից։ Դուք մինչև անգամ շնորհակալ պիտի լինիք, որ ես ամեն ինչ անկեղծությամբ խոստովանում եմ Ձեզ։ Մի ուրիշը, գուցե, ի չարը գործ դներ Ձեր մտերմական խոսակցությունը։ Բայց ես այդ մարդիկներից չեմ։ Ինչպես առաջ, նույնպես և այսուհետև ես պատիվ կհամարեմ ինձ լինել Ձեր անձնվեր եղբայրը, հարազատը: Սակայն փեսացու լինել անկարող եմ։ Պատճառը Ձեզ հայտնեցի, և Դուք, հույս ունիմ, կհամաձայնվիք ինձ հետ։

Շուշանը լուռ և գլխակոր լսում էր երիտասարդին։ Երբ նա ավարտեց, սա աչքերը վեր առավ, նայեց Սարյանի վրա մի այնպիսի հայացքով, որով կարծես կամենում էր ասել թե՝ ինչո՞ւ այդքան անգութ եք։ Վերջը տխուր ձայնով խոսեց.

— Ուրիշ ի՞նչ կարող եմ անել՝ եթե չհամաձայնվեմ։ Ես մի դժբախտ աղջիկ եմ և սիրելու էլ իրավունք չունիմ։ Միայն թե խնդրում եմ, որ իբրև ազնիվ մարդ, պատվո խոսք տաք ինձ չհայտնել ոչ ոքի այն խոստովանությունը, որն արի Ձեզ, իբրև իմ սիրած երիտասարդին։

— Խոսք եմ տալիս, որ ձեր խոստովանությունը ինձ հետ միասին գերեզման տանեմ,— եռանդով պատասխանեց Սարյանը:

— Հավատում եմ ձեզ... շնորհակալ եմ.— ասաց օրիորդը նվաղած ձայնով և գլխակոր ու մոլար քայլերով դուրս գնաց երիտասարդի սենյակից։

Սարյանը մի քանի րոպե մնաց անշարժ և աչքը դռան վրա սևեռած։ Ապա զարմացական եղանակով գլուխը շարժելով ինքն իրեն սկսեց մտածել թե՝ ի՞նչ տարօրինակ նորություն էր այս, որ այդ աղջիկը հաղորդեց իրեն։ Նա երբեք չէր կարող երևակայել թե՝ Շուշանի նման համեստ ու լռակյաց աղջիկը, որի հետ հազիվ մի ամիս էր ինչ ծանոթացել էր, և որին ինքը ոչնչով առիթ չէր տվել իրեն մոտենալու կամ մտերմանալու, հանկարծ սիրո խոստովանություն կաներ իրեն։