Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտմ ազգականների ականջին, իսկույն նրանք տակն ու վրա են լինում, այստեղ են վազում, այնտեղ են վազում, հարցնող երիտասարդի մասին մանրամասն տեղեկություններ են հավաքում, հրատարակում են թե՝ այո ինչ տղան մեր աղջիկն ուզում է. միջնորդներ են ղրկում փեսացուի մոտ հարցնելու համար, թե ի՞նչ ձևով է ուզում, որ պսակը կատարվի. արդյոք խնջույքը ի՞նքն է սարքում, թե՞ կամենում է, որ իրենք՝ աղջկա տերերը սարքեն և այլն և այլն:

Տեղեկություններ հարցնող երիտասարդը, մանավանդ եթե գավառացի է, մնում է ապշած, զարմացած և ինքն իրեն հարցնում է թե՝ արդյոք ե՞րբ է այս աղջկա ծնողներին առաջարկություն արել, երբ են նրանք իրենց համաձայնությունը հայտնել, ե՞րբ է ինքը նշանվել, որ այժմ էլ պսակվելու կամ խնջույք սարքելու հանգամանքներն են կամենում որոշել։ Երկար մտածելուց ետ խեղճը երբեմն գալիս է այն եզրակացության թե՝ երևի այդ բոլորը կատարվել է, բայց ինքը մոռացության հիվանդություն ունի և չէ հիշում։ Թիֆլիցի փորձված երիտասարդները, իհարկե, այդպես չեն մտածում, նրանք կամ միջնորդների հետ առևտուր են անում, կամ նրանց ուղղակի դուրս են վռնդում տանից։

Եթե մի երկրում անմեղ տեղեկություն հարցնող երիտասարդին արդեն նշանված են ընդունում, մի՞թե տիկին Մարթան իրավունք չուներ Սարյանին յուր աղջկա սիրահարն ու նրա անբռնաբարելի փեսացուն համարելու, քանի որ այդ երիտասարդն ամբողջ ամիս էր ինչ ապրում էր իրենց տանը, ուտում, խմում էր, քաղցր զրույցներ էր անում յուր աղջկա հետ, իսկ այս բոլոր զվարճությունների համար նա դեռ կոպեկ չէր վճարել, որովհետև տիկին Մարթան նրան յուր փեսացու հաշվելով՝ հարմար չէր գտել, որ մինչև պսակվելը բնակարանի կամ ուտեստի վարձ պահանջե նրանից։

Տիկինը դեռ այո մտածմունքով էր զբաղված, երբ Շուշանը հանկարծ սենյակի դուռը բանալով ներս ընկավ և յուր ետևից դուռը շրխկացնելով փակեց։

— Ի՞նչ է պատահել,— տեղից վեր թռչելով հարցրեց մայրը։

— Ի՞նչ չի կարող պատահել քո տան, այս քուչի