Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասու եղա ավելի շուտ, քան հարկավոր էր, բայց ավելի ուրախ կլինեի խաբված մնալ, քան հուսահատվիլ։ Ի՞նչ են կորցնում նրանք, որոնք «Փնջիկ»֊ը առաջնորդող թերթի տեղ են դնում, որոնք չգիտեն, թե նրա խմբագիրը ապուշին մեկն է, թե նրա աշխատակիցները համբակներ են, թե նրա խմբագրական ժողովները ծառայում են թերթուս երեխաների բարքն ու վարքը փչացնելուն, թե, վերջապես, այդ հրապարակախոսական մարմինը, որի շուրջը պտտում են համակրողներ, պաշտպաններ, պաշտողներ և այլն, որին ուժ կամ կուսակցության բերան են համարում, ոչ այլ ինչ է ամփոփում յուր մեջ, եթե ոչ մի խեղճ Սարյանի, սահմանափակ զարգացման տեր մի երիտասարդի «պարապորդ ժամերի» աղքատիկ արդյունքը... Ի՞նչ են կորցնում նրանք, որոնք այս բոլորը չգիտեն, իհարկե ոչինչ։ Նրանք գոնե այն մխիթարությունն ունին, որ հավատում են, թե իրենց ազգը մի նշանավոր թերթ և մի քանի տասնյակ գործողներ ավելի ունի, իսկ ե՛ս, այդ հավատն էլ կորցրել եմ...

Այս մտածմունքների հետ միասին Վահանը արդեն հագնվել և լվացվել էր։ Նա պատրաստվում էր դուրս գալ, երբ հանկարծ դրսի դռան հնչակը քաշեցին այնպես ամուր, որ զանգը ամբողջ մի քանի րոպե սկսեց տատանվել ու ղողանջել։ Դուռը բացվելուն պես մեկը սանդուղքներով արագ֊արագ բարձրացավ դեպի վեր և աղախնից բարկացկոտ ձայնով հարցրեց.

— Սարյանը տա՞նն է։

— Այո՛,— պատասխանեց աղախինը։

Եկվորը ոտքերը ամուր տրոփելով բարձրացավ, բայց հենց նախասենյակում մեկը նրա առաջը բռնեց հարցնելով.

— Ո՞ւր ես գնում։

— Սարյանի մոտ։

— Ի՞նչ ունիս նրա հետ։

— Ոչինչ. խոսելիք ունիմ։

— Թո՛ղ, հանգիստ թող նրան. նա ո՛չ մի բանում մեղավոր չէ։

— Անկարելի է. ես նրա հետ էլ պիտի հաշիվ տեսնեմ: