— Շատ հիմար աղջիկ ես, Մաթիլդ, ինչպե՞ս կարելիէ այսպիսի երիտասարդի բարևին չպատասխանել։
— Պատասխանե՞լ, գժվե՞լ ես, ի՞նչ է, — ասացի ես:
— Իհարկե, պիտի պատասխանեիր, իսկ դու մինչև անգամ խոժոռել ես դեմքդ, ամոթ չէ՞ միթե։
— Ուրիշ կերպ վարվելու ի՞նչ իրավունք ունեի։
— Երեխա ես դեռ, Մաթիլդ, ճիշտ երեխա. իսկ եթե ես լինեի քո տեղդ...
— Ի՜նչ կանեիր։
— Կսիրահարեցնեի նրան ինձ վրա։
— Կսիրահարեցնեի՞ր. ինչպե՞ս,— հարցրի զարմացած։
— Այդ արդեն իմ գործն է,— ասաց նա խորհրդավոր եղանակով։ Ես ծիծաղեցի և հեռացա։
— Բայց հենց այս փոքրիկ խոսակցությունը եղավ պատճառ, որ Գեորգը այնուհետև բոլոր իմ մտածմունքների առարկան դարձավ։
Շատ անգամ վճռեցի իմ հին սովորական ճանապարհով գիմնազիոն գնալու, որոշեցի, որ Գեորգին պատահելուս նայեմ նրան, աչքերս սևեռեմ նրա վրա և, մինչև անգամ, եթե կրկին ինձ բարևելու լինի, ուրախությամբ նրա բարևը ընդունեմ, բայց չկարողացա։ Հենց այս մտմտուքների մեջ էի, որ մի օր, ազգականներիցս մեկի տունը հրավիրված ժամանակ, պատահեցի նրանց մոտ Գեորգին և պաշտոնապես ծանոթացա այդտեղ նրա հետ։
— Այո, տիկին, և այնքան սիրելի եղար, որ գոնե այդ առաջին ծանոթության միջոցին մի ուղիղ նայվածք չձգեցիր ինձ վրա,— ծիծաղելով ընդհատեց ամուսնուն պ. Մորիկյանը.— գոնե քաղաքավարության համար մի ժպիտ պետք է նվիրեիր ինձ։
— Գուցե չժպտացի, չեմ հիշում, բայց հո սրտով ուրախ էի, որ վերջապես ծանոթացա քեզ հետ։
— Ուրա՞խ էիր. ո՞վ ասաց, թե ուրախ էիր. ընդհակառակը, բարկությունից շառագունել, վարդ էիր կտրել:
— Ներողություն. ո՛չ թե բարկությունից, այլ հոգեկան քաղցր հուզմունքից,— քնքշությամբ նկատեց Մաթիլդը։
— Սխալվում ես, մոռացել ես։