Էջ:Muratsan, vol. 3.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աջ ու ձախ նայել, անցորդները դիտել, փողոցները քննել և գնալ՝ուր որ կարողանում կամ կամենում է։Մի տեսակ գաղտնի երկյուղից թե` մի գուցե դեռ նոր զգալի դարձող այդ ազատությունը խլեն յուր ձեռքից, նա առաջ էր գնում հաստատուն քայլերով, համարձակ, և խրոխտաբար կարծես սպառնալով յուր դեմն ելնող ամեն մի արգելք բռունցքներով տապալելու:

Այսպե, շատ անգամ, պատահում է այն պարկեշտ, երկյուղած և, միևնույն ժամանակ, անփորձ երիտասարդների հետ, որոնք ի բնե ազնվասիրտ, հավատացող և գաղափարական (idcaliste) լինելով` մտնում են կյանքի հորձանքները առանց փորձառու առաջնորդի: Շարունակ դեպի բարին և գեղեցիկը ձգտելով, շարունակ ճշմարիտն ու ազնվականը որոնելով, նրանք չեն կամենում հավատալ թե` ճշմարտություն ու արժանիք որոնած տեղը կարող են հանդիպել նաև ստության ու կեղծիքների: Այս պատճառով ամեն մի համարձակ և խիզախող ուժի վրա նրանք նայում են ակնածությամբ: Այդ ուժը իբրև հեղինակություն ընդունելով, խոնհարվում են նրա առաջ, և այդ անում են անփորձության հատուկ այն հավատով թե՝ անարժանը չի կարող ասպարեզ իջնել արժանավորի անունով: Այդ հավատը, վերջ ի վերջո պատժում է ազնվասիրտ երիտասարդներին: Նրանք տեսնում և համոզվում են, որ ստությունը ավելի ճշմարտության, քան սեփական դեմքով է շրջում մարդկանց մեջ: Իսկության հասու լինելուց ետ, նրանց ցնցում է անողոք հիասթափությունը: Հիասթափությանը հաջորդում է կասկածը և հավատը կործանվում է երիտասարդ սրտերի մեջ՝ կործանելով յուր հետ երիտասարդական սրտի գերագույն հույսերն ու ակնկալությունները: Այդ ժամանակ, ահա, արդարասիրության հոգին ապստամբվելով պարկեշտության և երկյուղածության դեմ, խզում է համբերության կապանքները և դուրս է թռչում ազատ ոլորտի մեջ ազատ ապրելու համար: Այնուհետև այդ ապստամբ հոգին և՛ զգույշ, և՛ կասկածոտ է. նա նմանում է վիրավորված վարազի, որ որսորդը տեսնելուն պես` սպառնում է նրան արյունռուշտ աչքերով և կատաղի ժանիքներով...

- Թող մի անգամ էլ այդ տեսակ մարդիկ փորձեն ինձ խաբել