վերջին պաշարը ևս պիտի սպառի, որովհետև մեր անձնվեր գործողների շնորհիվ, այդ նահապետական հարկերը ևս սկսել են արդեն լուսավորվել քաղաքակրթության այն արտաքին փայլով, որ բուն քաղաքակրթությունից ոչինչ չունի յուր մեջ և որի միակ զորությունը տկար աչքերին կուրություն շնորհելն է...
Մինչդեռ Սարյանը յուր խղճի ու հիշողությունների հետ հաշտություն էր կայացնում, սեղանապետը շամպայնով խմելու համար թանկագին կենացներ էր առաջարկում։ Այդ կենացները առաջարկում էին մինչև անգամ հյուրերը, և ով որ ավելի արժանավորն էր առաջարկում, ծափահարության հետ միասին շամպայնի մի ավելորդ բաժակ էր ստանում:
Վահանը, որ ինչպես ընդհանուր աղմուկով նույնպես և առաջարկված կենացներով այլևս չէր հետաքրքրվում, այսուամենայնիվ, չկարողացավ անուշադիր թողնել պարոն գանձապահի ճառի նմանող մի տարօրինակ առաջարկությունը։
— Խմենք, պարոններ,— ասաց նա,— այն երիտասարդների կենացը, որոնք իրենց պարոններին անձնվիրությամբ ծառայելով, ազատում են նրանց ավելորդ բեռներից, ծանրություններից...
— Ձեր միտքը չենք հասկանում, պարզ խոսեցեք,— հրամայեց սեղանապետը։
— Խմենք այն երիտասարդների կենացը,— կրկնեց գանձապահը,— որոնք տեսնելով, որ իրենց հարուստ պարոնները ստամոքսի տկարության պատճառով իրենց աշխատած փողը չեն կարողանում ուտել, իրենք են այդ փողը մաքրազարդում և ձեզ նման լավ տղերանց ու այս տեսակ հրեշտակներին (այդ միջոցին նա քնքշությամբ բռնեց Ռոզայի շառագունած թուշը) ուրախություն ու զվարճություն են պատճառում...
— Ուրեմն, ամենից առաջ ձեր թանկագին. կենաց ուռռա՜...— բացականչեց սեղանապետը և շամպայնի բաժակը չխկացրեց գանձապահի բաժակի հետ։
Բոլոր հյուրերը հետևեցին սեղանապետի օրինակին, օրիորդները սկսան երգել, իսկ սազանդարները տուշը վերջացնելով՝ լեզգինկա ածեցին։
Ամենից առաջ սեղանապետը սկսեց պարել, հետո Սոֆիա