Էջ:Muratsan, vol. 3.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ոչ միայն ձեզ, այլև ինձ, այլև իմ մյուս ընկերներին,— վշտացած պատասխանեց Նադիրյանը։ — Մի՞թե կարծում եք թե մենք այսքան ստորացած և ստրկացած կլինեինք, եթե մեզանից յուրաքանչյուրը յուր կարողության չափով մաքառած լիներ հին օրենքների ու սովորությունների դեմ` նույնիսկ ծառայության մտնելու օրից սկսած։

— Այսքան ստորացած չէինք լինիլ, արդարև, եթե յուրաքանչյուրը յուր կարողության չափով մաքառած լիներ, բայց ոչ ոք այդ չէ արել մինչև այսօր։

— Ուրեմն մենք պիտի անենք. լավ է ուշ, քան երբեք։

— Երկու հոգի կարո՞ղ են կռվել ամբողջ դասակարգի դեմ։

— Մենք միայնակ չենք լինիլ. մեզ կաջակցեն բոլոր գործակատարները:

— Իսկ դրանց բոլորի ուժը բավակա՞ն կլինի արդյոք դարերով հաստատված բռնությունը միանգամից խորտակելու:

— Ի՞նչ հարկավոր է միանգամից խորտակել։ Հզոր հարձակման դեմ հզոր էլ պաշտպանություն կլինի։ Մենք աստիճանաբար կգործենք։

— Աստիճանաբար և հեռատեսությամբ... դրա դեմ ես ոչինչ չունիմ։

— Հեռատեսությամբ բառը ես չասացի։

— Ի՞նչ վնաս, եթե գործելու ժամանակ հեռատեսություն էլ ունենանք։

— Այն՝ որ հեռատեսությունը հառաջադիմության թշնամին է։ Հեռատեսությամբ մտածողը մեծ գործ կատարել չի կարող։ Հեռատեսությունը պահանջում է փախչել վտանգներից ու վնասից, իսկ մենք, ընդհակառակը, ամեն վտանգ ու վնաս աչքի առաջ պիտի ունենանք, եթե, իսկապես, կամենում ենք գործել։

— Տեսնո՞ւմ եք. անփորձ երիտասարդի խելքով եք դատում։ Ինչպե՞ս կարելի է գործելու ժամանակ չմտածել գալիք վտանգի ու վնասի մասին։ Ի՞նչ արժեք կարող է ունենալ այն փոքրիկ օգուտը, որ ձեռք պիտի բերվի ամենամեծ վնասով։