Էջ:Muratsan, vol. 3.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


քաղելով իմ իրավունքից, կամենում են մի անկեղծ խոստովանություն անել ձեզ.— Ձեր այժմյան սահմանափակ գործունեությունը, հարգելի բարեկամ, վհատեցնում է ինձ։ Ասացե՛ք, մի՞թե, արդարև, դուք այլևս այն եռանդոտ, գործունյա և հոգով ու սրտով ազգային շահերին նվիրված երիտասարդը չեք, որ ամենքին հորդորում, քաջալերում էիք գործել, աշխատել, արգելքները խորտակել և առաջ գնալ... Այժմ ի՞նչ է պատահել ձեզ. առաջին արգելքներից իսկ նկուն եղած՝ քաշվել եք դուք ասպարեզից և լուռումունջ նստած ոմն Թորոսյանի շահերն եք խնամում։ Մի՞թե, արդարև, առաջին արգելքներն այդքան զորավոր են լինում, և երկաթի ճանաչված կամքը այդպես շուտ խորտակվում, փշրվում է նրանց առաջ... Եթե այդպես է, ապա ուրեմն հայտնեցեք ինձ, որ ես ևս դադարեմ իդեալներով ոգևորվելուց, ես էլ վախենամ հասարակական գործունեության նվիրվելուց, որովհետև եթե այդ արգելքները իմ քաջ ուսուցչին այդպես ճնշեցին, ինչպե՞ս չեն ճնշիլ նրա տկար աշակերտուհուն...»։

Այս խոսքերը, որոնց մեջ թաքնված էին սիրող աղջկա վշտերն ու ցանկությունները, որոնք պարունակում էին իրենց մեջ և՛ հանդիմանություն և՛ խրախույս, խորը խոցեցին երիտասարդ Վահանի սիրտը, նա զգաց, որ, արդարև, յուր հպարտ գլուխը խոնարհել է արդեն հանգամանքների առաջ, որ վաղուց մոռացել է յուր ուխտը, ապա ուրեմն արժանի է յուր աշակերտուհու հանդիմանության։

— Ինչպե՜ս հեշտ է քարոզել և որքան դժվար կատարել...— շշնջում էր ինքն իրեն երիտասարդը,— մի օր հորս առաջ կանգնած որոտում էի թե՝ «եթե մեր երիտասարդական ուժն ու կորովը դրամ վաստակելու աշխատության մեջ վատնենք, էլ այնուհետև ի՞նչը պետք է նվիրենք մեր ազգին, մի թե մեր անկարող ծերությունը», և այս խոսքերն ասող երիտասարդը, արդարև, չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ թե՝ կարող է երբևիցե նյութական ապահովության համար յուր ձեռքերն ու ուղեղը աշխատեցնել։ Իսկ այժմ, ի՞նչ եմ անում ես. ո՞ւր մնացին իմ ուխտը, իմ ոգևորությունը, իմ ծրագիրները... Այդ բոլորը հիշում է իմ աշակերտուհին, իսկ ես մոռացել եմ... ամո՜թ ինձ, հազար անգամ ամոթ...