Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասելով, որ ծանր հիվանդ ունին։ Ես պարմանում եմ՝ ո՞վ պիտի լինի այդ հիվանդը։ Հարցնում եմ։ Սպասավորն ասում է, որ յուր պարոնն է։ Այդ շատ վշտացնում է ինձ։ Այնուամենայնիվ խնդրում եմ իմ գալը հայտնել տանտիրուհուն, որը և հրամայում է ինձ ընդունել։

Ներս եմ մտնում։ Ինձ առաջնորդում են ուղղակի այն սենյակը, ուր հիվանդն էր պառկած։ Նրա սնարի մոտ նստած էր Մաթիլդը, տխուր և գլխակոր։ Ինձ տեսնելուց նա բարձրացավ տեղից, նայեց ինձ վրա, ժպտաց, բայց նույն րոպեին էլ ժպիտը սառեց յուր շրթունքների վրա։ Նա նիհարել, մաշվել էր։ Հազիվ ձեռքը պարզեց ինձ և արտասուքի կաթիլները սկսան գլորվել յուր դալկահար դեմքի վրա։

— Տեսե՛ք, ի՞նչ դրության մեջ է բարեկամդ,— շշնջաց նա հազիվ լսելի ձայնով և աչքերը թաշկինակով ծածկելով անցավ մահճի ետևը։

— Ո՞վ է,— թույլ և նվաղած ձայնով հարցրեց հիվանդը և երեսը դեպի ինձ շրջելով բացականչեց,— ա՛խ, այդ դո՜ւ ես, սիրելի բարեկամ, ինչպես ցանկանում էի քեզ տեսնել. եկ, մոտ եկ, սեղմիր ձեռքերս...

Իսկույն մոտեցա և նրա նիհար ու անարյուն ձեռքերը առա ափերիս մեջ.— ինչո՞ւ հիվանդացար, բարեկամ, ի՞նչ պատահեց քեզ. մի՞թե այդպես կպահեն ամառանոցից բերած առողջությունը,— հարցրի ես ծիծաղելով:

— Ա՛խ, խոսիր, ամառանոցից խոսիր, ինչպե՜ս լավ էր այնտեղ, ինչպե՜ս առողջ էի ես...— մրմնջաց նա։

— Հոգ չէ, դարձյալ կառողջանաս, դարձյալ գյուղը կերթանք. բայց դու ինչո՞ւ հիվանդացար,— հարցրի կրկին։

— Չգիտեմ, մրսեցի. կարծեմ այդ էր պատճառը:

— Այո, սաստիկ մրսելուց պատահեց,— շարունակեց Մաթիլդը.— մի քանի օր էր, ինչ տաքություն ուներ, բայց ուշադրություն չէր դարձնում և դնում էր գործի. մի երեկո արդեն ջերմության աստիճանը քառասունի հասավ, կամեցա բժիշկ հրավիրել, համառեց, չթողեց։ Մյուս օրը դարձյալ գնաց գործի, և ճաշին տուն վերադառնալով պառկեց: Այդ օրվանից ահա՛ երկու շաբաթ է, ինչ անկողնի մեջ է: