ինքնապաշտպանության գաղափարը, պարտավորեցնել միության անդամներից յուրաքանչյուրին՝ կռվել առևտրական տերերի բռնապետական ոտնձգությունների դեմ, չխոնարհել նրանց անարդար պահանջների առաջ և ամեն դեպքում պաշտպանել սեփական իրավունքն ու արժանապատվությունը։
Վերջին կետի, այն է՝ գործակատարների միության համար, նրանք խմբագրեցին մի ընդարձակ հրահանգ, որպես գործունեության ուղեցույց, որից բազմաթիվ օրինակներ արտագրել տալով, պետք է ցրեին գործակատարների մեջ։
Իսկ ինչ հարցը հրապարակ հանելուն է վերաբերում, այդ պաշտոնը ամբողջապես յուր վրա առավ Սարյանը իբրև լրագրական գործին ավելի լավ ծանոթ անձն և իբրև լավ հայերեն գրող։
Առաջին հոդվածի մեջ, որի վերնագիրն էր՝ «Մի մոռացված դասակարգ», Սարյանը, ծանոթացնելով ընթերցողներին գործակատարների դասակարգի հետ, նկարագրում էր նրանց մտավոր, բարոյական և նույնիսկ նյութական վիճակը խիստ տխուր գույներով, թվում էր այն զրկանքները, տառապանքները և բարոյական հարստահարությունները, որոնց ենթարկրվում էին նրանք գործատերերի կողմից, խիստ լեզվով հարձակվում էր վերջինների անարդարության և անգթության վրա և գործակատարների բարոյական անկումը վերագրում էր այն բռնապետական հնավանդ օրենքներին, որոնցով վարվում էին դրանք խեղճ գործակատարների հետ։ Ի վերջո Սարյանը հրավիրում էր հասարակության զարգացած դասակարգի ուշադրությունը այս «մոռացված դասակարգի» թշվառ վիճակի վրա և նրա օգնությունն էր խնդրում։
Հոդվածը գրված էր խիստ գեղեցիկ, ազդու և սրտաշարժ լեզվով, այնպես որ լրագրի մեջ լույս տեսնելուց հետո մեծ տպավորություն պիտի աներ ընթերցողի վրա։
Այժմ մնում էր որոշել, թե հայոց թերթերից որի՞ն պետք էր հանձնել այդ հոդվածը։ «Փնջիկ»-ից զատ, որի անունը Սարյանը այլևս չէր կամենում լսել, կային դեռ ուրիշ երեք թերթեր էլ «Մանգաղ», «Փայլածու» և «Փեթակ», որոնք թե՛ հռչակով, թե՛ արժանավորությամբ և թե՛ ընթերցողների բազմությամբ գերազանցում էին «Փնջիկ»-ին: