Էջ:Muratsan, vol. 3.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պարոն նախագահն էլ հենց այդպես էր ասում,— հաստատեց տակառաձևը:

— Իսկ եթե ինձ հարցնեք «Մանգաղ»-ին ու նրա խմբագրին մենք հանգիստ կթողնենք,— խոսեց լռակյաց ժողովականներից մեկը, որին գործակատարների թշնամի էին անվանում.— վաճառականին ինչ վայել է խմբագիրների հետ ընկնել, հոդվածներ գրել, հերքումներ հրատարակել։ Եթե մի ագամ մեր օձիքը Պոչյանի ձեռքին դնենք, հավատացեք, որ էլ նրանից չենք ազատվիլ: Այդ մարդը չարաճճի երեխայի նման պատճառներ է պտրտում սրա ու նրա հետ կռվելու, ընկերին շանթելու, հարևանին հայհոյելու: Մենք ինչպե՞ս կարող ենք ընկերանալ նրան, կամ նրա ՞որ մեկ հայհոյանքին պետք է պատասխանենք․ չէ՞ որ բոլոր տարին նա մեկ գլուխ հայհոյում է թե մեզ և թե մեզանից ու իրենից շատ բարձր մարդկանց։

— Ուրեմն ի՞նչ պետք է անենք,— ընդհատեց նախագահը գործակատարների թշնամուն։

— Մենք պետք է մեր կեղտերը մաքրենք։

— Ինչպե՞ս, մենք ուրեմն կեղտե՞ր ունինք, դո՛ւք էլ Պոչյանի լեզվով եք խոսո՜ւմ,— զարմացած բացականչեց նախագահը:

— Այդ ի՞նչ է. դուք էլ ե՞ք գժվել,— ձայնակցեց նախագահին տակառաձևը:

— Ոչ, ես ո՜չ գժվել եմ, ոչ էլ Պոչյանի լեզվով եմ խոսում։ Մեր կեղտերը մեր գործակատարներն են, նրանցից պետք է ազատվենք,— բացատրեց գործակատարների թշնամին։

— Հա՜, այդ ուրիշ խոսք է, շարունակիր,— ասաց նախագահը, կարծես հանգստանալով, որ ճառախոսը իրենց չէ մեղադրում ։

— Ի՞նչ եք կարծում, մի՞թե Պոչյանը առիթ կունենար մեզ անպատվելու, եթե պարոն Թորոսյանի գործակատարը այդպիսի հոդված չտար նրան հրատարակելու։

— Հանցանքը միայն իմ գործակատարինը չէ, նրան էլ ուրիշներն են փչացրել,— գրգռված նկատեց Թորոսյանը։

— Ովքե՞ր, ովքե՞ր,— հարցրին այս ու այն կողմից։