Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխենն այդ աղջիկներից չէր. աղավնու սիրելի միամտության հետ միասին նա օձի անհրաժեշտ խորագիտություն էլ ուներ. նրա ժպիտն ու հայացքն ա՛յն ժամանակ միայն կարող էին յուր սրտի թարգմանը լինել, երբ ինքը կամենար, որովհետև յուր զգացմունքների կառավարը խելքն էր և ոչ թե սիրտը:

Երբ մայրն աղջկա ուշանալը տեսնելով դուրս եկավ պատշգամ, Աշխենը դեռ անշարժ կանգնած էր սյունի մոտ։ Յուր ետևում ոտնաձայն լսելով նա աչքերը պարտեզի վրայով հեռացնելով ուղղեց լուսնի վրա։

— Ի՞նչ ես շինում այդտեղ, Աշխեն, չէ որ զով քամի է փչում,— հարցրեց մայրը, կարծես թափանցելով աղջկա սրտի անհայտ գաղտնիքների մեջ։

— Դիտում եմ լուսնի ընթացքը, գիշերվա լռությունը... — անփույթ եղանակով պատասխանեց աղջիկը։

— Ցուրտ է, կմրսես, ներս գնանք։

— Գնա՛նք, մայրիկ. բայց ինչպե՜ս սիրուն գիշեր է. ափսոս որ ամառը վերջանում է...

— Ինչ որ սկսվել է, պիտի վերջանա, որդի, ի՞նչ կա ափսոսալու։

— Կյանքն էլ սկսվում ու վերջանում է, մայրիկ, բայց մի՞թե կգտնվի մարդ, որ յուր վերջացող կյանքը չափսոսե։

— Ինչո՞ւ չէ. չի ափսոսիլ նա, որի կյանքն անօգուտ և աննպատակ է անցնում։

— Սխալվում ես, մայրիկ, հենց այդ տեսակներն են որոնք իրենց կյանքը շատ թանկ են գնահատում։

— Ուրեմն չեն ափսոսում նրանք, ո՛րոնք ինքնակամ զոհվում են կամ մի մեծ գործի, կամ հայրենիքի համար։

— Այդպիսիների կյանքն էլ մենք ենք ափսոսում։

— Ուրե՞մն։

— Ուրեմն չկա մի վերջացող կյանք, որ յուր ափսոսողները չունենա։

— ճիշտ է, որդի, գնանք.— համաձայնվեց տ. Գոհարը և աղջկա հետ միասին մտավ տուն։ Ընթրիքի ժամանակ մայր և աղջիկ լուռ էին. երկուսի լեզուներն էլ կարծես կապել կաշկանդել էր միևնույն հոգսը