Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասելով, որ միայն այդ փողն է, որ կորցրած չէ համարում ինքը։ Իսկ երբ յուր բացակայության ժամանակ հավաքված այդ լրագիրները կարդում, վերջացնում էր, սկսում է կարդացածների մասին փիլիսոփայորեն դատել ու վիճել որդու հետ։ Այս վերջինը, մանավանդ, նրա սիրելի զբաղմունքն էր։ Եվ թեպետ յուր կարծիքները միշտ որդու կարծիքներից տարբեր էին լինում և շատ քիչ անգամ էր նա նրա հետ համաձայնվում, բայց և այնպես կոշտ, կոպիտ հայրերին հատուկ համառությամբ չէր ստիպում որդուն ընդունել յուր կարծիքը կամ համակերպել յուր հայացքներին։ Ամեն տարակարծիք վիճաբանությունից հետո նրա վերջին խոսքը լինում էր.— «էհ, որդի, մենք աշխարհն այսպես ենք ճանաչել, աստված տա որ ձեր ճանաչածը լինի ուղիղ. մենք գնացողներն ենք, դուք մնացողները»։

Այսուամենայնիվ, լուրջ և կշիռ. ունեցող հարցերի ժամանակ մանավանդ երբ դրանց լուծումից կախված էր լինում ընտանեկան այս կամ այն գործի որոշումը, Հովսեփը համառում էր յուր համոզմունքների մեջ։

Սակայն Վահանը բոլոր նորավարտ ուսանողներին հատուկ մեծամտությամբ վերջին տարին արդեն խույս էր տալիս հոր հետ վիճաբանության բռնվելուց, որովհետև շատ քիչ նշանակություն էր տալիս անուսում մարդու փորձառության։ Զանազան խնդիրների առթիվ հոր հայտնած կարծիքները նրան թվում էին հնացած և անգործադրելի։ Բայց այն օրից արդեն, որ ընկերների հետ սկսած յուր գործունեության վերաբերմամբ հոր արած գուշակություններն արդարացան, նա սկսեց ավելի ակնածությամբ վերաբերվել դեպի հոր փորձառությունը և որոշեց առանց նրա խորհրդին ոչինչ չսկսել։

Թիֆլիս գնալու մասին էլ նա արդեն յուր դիտավորությունը հայտնել էր հորը և իր նպատակը բացատրել նրան։ Հայրը չէր ընդդիմացել որդու դիտավորության, բայց նպատակն անգործնական էր համարել։ Վերջին կետի վերաբերմամբ դեռ մնում էր նրանց համաձայնություն կայացնել։

Երեմյանների տնից վերադառնալուց երիտասարդն արդեն յուր վերջնական որոշումը կայացրել էր, այն է