Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիացած մտածում էր երիտասարդը.— և այդ արտասուքը չէ՛ որ ինձ համար էր, իմ հեռանալուս համար... O՜հ, բայց եթե ես սխալված եմ... եթե իմ աչքերն ինձ խաբեցին... բայց ո՛չ, ո՛չ. ես պարզ տեսա, միայն թե կարողանայի գուշակել, թե ի՜նչ արտասուք էր նա, ի՞նչ զգացմունքների հայտարար...»։

— Սիրելիս, դու շատ ես տխուր, երևի մորդ շինած գաթաները միտդ են ընկել,— ծիծաղելով ոււ խռպոտ ձայնով դարձավ երիտասարդին ընկեր ուղևորներից մինը, որին շիրաջ-Մանաս էին անվանում։ Սա թեպետ Վահանի հայրենակիցն էր, բայց ապրում էր Թիֆլիսում և պարապում գինեվաճառությամբ։ Հաճախ վերադառնում էր հայրենիք գինի գնելու համար։ Ինքն ուրախ, առողջ, կարմիր երեսով, հաստ փորով, կարճահասակ մի մարդ էր։ Վահանի հայրը հանձնարարել էր նրան, որ ճանապարհին հոգածություն ունենա յուր որդու վրա, ինչպես մի փորձառու մարդ, և ահա նա կատարում էր հանձնված պարտավորությունը, աշխատելով զբաղեցնել երիտասարդին։

— Տխուր չեմ. միայն մտածում եմ,— պատասխանեց Վահանը թեթև շառագունելով։

— Է՜հ, հե՛ր օրհնած, ի՞նչ ունիս մտածելու, քառասուն տարի է ապրում եմ աշխարհում և ոչ մի անգամ չեմ մտածել,— ծիծաղելով վրա բերավ շիրաջը։

— Ինչպե՞ս անեմ, որ ես էլ կարողանամ չմտածել.—հարցրեց ժպտալով երիտասարդը։

— Կե՛ր, խմի՛ր, երգի՛ր, պարի՛ր,— պատասխանեց շիրաջը:

— Իսկ երբ արդեն կո՜ւշտ եմ լինում, և երգելս ու պարելս չի գալի՜ս։

— Այն ժամանակ քնիր:

— Իսկ եթե քունս չի՞ տանում։

— Էհ, այն ժամանակ էլ ո՞ւր ես ապրում, հեր օրհնած, գնա ջուրն ընկիր ելի,— վրա բերավ շիրաջը և ուրախ-ուրախ ծիծաղեց։

Վահանը և նրա ընկերները նույնպես ծիծաղեցին։