Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև թագավորը շարունակ զբաղված էր յուր տերության այս ու այն մասում բռնկող ապստամբությունները նվաճելով, ուստի թշնամիների հասած ժամանակ թագավորական ընտանիքը կարող էր մայրաքաղաքում վտանգի ենթարկվել։ Ահա՛ այդ պատճառով Սահականույշ թագուհին ապրում էր Գառնո ամրոցում, և նրա հետ էլ ուրիշ շատ ազատանի կանայք։

Չնայելով եղանակի ցրտության և օրվա տարաժամելուն, այսուամենայնիվ թագուհին դեռ չէր հեռացել Տրդատա հովանոցից։ Վերջին մի քանի օրը նա անց էր կացնում այդտեղ երկար ժամեր, գրեթե միայնակ, երբեմն սյունազարդ սրահի մեջ ճեմելով, իսկ հաճախ դեպի խորաձորը նայող պատշգամբի վրա բազմելով։ Այդտեղից նա լուռ և մտախոհ դիտում էր` մերթ ձորի, մերթ շառաչող Ազատի ալիքները, որոնք գետափնյա ուռենիները քերելով և հանդիպակաց ծառերը կոծելով առաջ էին վազում, և մերթ Գեղա լեռան բարձունքներից իջնող ճանապարհը, ուր ամեն մի հեծյալ անցորդ գրավում էր նրա ուշադրությունը։ Թագուհին աչքերը հառելով` աշխատում էր վայրկյան առաջ այդ անցորդի ով կամ ինչ ազգից լինելն իմանալ. և նայում էր այնքան, մինչև որ վերջինս Ազատի խորաձորն իջնելով` խոտորում էր դեպի Գառնո արահետը և աչքից ծածկվում։

Արդեն լրանում էր երկրորդ շաբաթը, ինչ թագուհին սրտի անձկությամբ սպասում էր մեկին, բայց նա չէր երևում։ Այդ հանգամանքը տանջում էր նրան սաստիկ և ավելացնում մանավանդ այն վիշտը, որ վաղուց ի վեր կրծում էր յուր սիրտը։

Կար ժամանակ, երբ թագուհին ինքը հեռանում էր մարդկանցից` ոչ ոքին չտեսնելու, երբեք չխոսելու և միայն յուր հոգետանջ մտածմունքներին անձնատուր լինելու համար։ Այդ ժամանակ նա մինչև իսկ զայրանում էր, եթե մեկը համարձակվում էր խանգարել յուր մենավոր մտածությունները կամ հոգեկան հուզմունքներից առաջացող տանջանքները։ Իսկ ա՞յժմ. այժմ նա հոգնել, վաստակել էր հարատև տխրության տանջանքներից, այժմ նա որոնում էր մինչև անգամ մեկը, որին կարողանար յուր սիրտը բանալ, յուր վշտերը պատմել։ Նրան թվում էր, թե այդ միջոցը կմեղմե յուր ցավերը...։ Բայց ավա՜ղ, ամբողջ դղյակում չկար մինը, ո՛չ կանանց և ո՛չ