էլ, որ քաղեցի իմ ճանապարհորդության ժամանակ, հաստատեցին իմ կասկածները։ Ես տակավին չգիտեի, թե նա Գարդմանն էլ է արքայից ապստամբեցրել, որովհետև, ի՛նչ մեղքս ծածկեմ, չէի կարող հավատալ, թե Վահրամ բերդակալը թույլ կտար նրան այդ քայլն անել...
-Ես բացատրեցի քեզ, թե ի՛նչ հանգամանքներ ստիպեցին ինձ վարվել այդպես...
-Մի՛ ընդհատիր. ես քեզ չեմ մեղադրում. արդեն ծանոթացա այդ հանգամանքներին և տեսնում եմ, որ Գարդմանն էլ ապստամբների հետ է. և որ մեզ մնում է բարեկամ միայն Վահրամ բերդակալը։
-Որի վրա կարող է թագավորը վստահանալ ամեն դեպքում։
-Անշուշտ։ Այժմ ուրեմն դու մնա այստեղ և հրամայիր, որ պահապաններիցդ մինն առաջնորդե ինձ դեպի Սևադայի ապարանքը։ Ես նրան պիտի ներկայանամ իբրև մի անծանոթ կամ օտարական. և ամեն հնար գործ պիտի դնեմ ինձ համար այդ անհայտ գաղտնիքը պարզելու։
-Բայց դրանից ի՞նչ օգուտ։ Միևնույն չէ՞ քեզ համար, թե ո՛վ ո՛ւմն է գրգռել. ապստամբությունն ակներև է. դրա դեմ պետք է գործել։
-Դրա դեմ, այո՛, պետք է գործել եռանդով, բայց կարևոր է նաև այս գաղտնիքը լուծել, որպեսզի չարիքը կարողանանք արմատից խլել։
-Ավելին հարցնելու իրավունք չունիմ. արա՛, ինչ որ հաճելի է քեզ։ Հարկավ, քո փորձառությունը չի կարոտում իմ խորհրդին, պատասխանեց բերդակալը, և պահապաններից մինին կանչելով՝ հրամայեց առաջնորդել իշխանին մինչև Սևադա իշխանի ապարանքը։
Մութը կոխել էր, և ամրոցի նեղ ու մանվածապատ ուղիներն անտեսանելի դարձրել: Բնակիչները քաշվել էին տուն. լռությունը տիրում էր ամեն տեղ և մենավոր անցքերում լսվում էր միայն իշխանի ձիու քայլատրոփը, որ մի-մի տեղ ստիպում էր պահապան շներին հարձակվել անցորդների վրա և իրանց աղմկարար հաչյունով խանգարել ամրոցականների խաղաղությունը: