հույս էր միայն մնում, այն է` թե գուցե այդ ծառան մոռացած լինի իրան։
Վերջինս, որ իշխանի արտաքինից արդեն տեսավ, թե հասարակ մարդ չէր իրանց այցելողը, իսկույն դուրս կանչեց ընկերներին, որոնք այս ու այն կողմերից հավաքվելով` վառեցին բակի մեջ պատրաստ եղող կպրաձյութի ղամբարը, և սկսան իրենց ծառայությունը մատուցանել իշխանին։
Լուր հասցրին իսկույն ևեթ տիրոջը, որ մի նշանավոր հյուր է եկել իրանց։
Իշխան Սևադան հրամայեց հայտնել հյուրին, որ «սիրով սպասում է յուր հին բարեկամ և ամենաազնիվ իշխան Գևորգ Մարզպետունուն»։
Իշխանը շեմքի վրա մնաց զարմանքից սառած։
-Որտեղի՞ց իմացավ իշխանը, թե Մարզպետունին է յուր հյուրը,-հարցրեց նա լուր բերող ծառային, փոքր-ինչ այլայլված։
-0՜, ե՛ս տվի նրան այդ ավետիքը, կամեցա ուրախացնել իմ իշխանին,-ինքնագոհ ժպիտով պատասխանեց ծառան։
-Իսկ դո՛ւ, տղա՛, ճանաչո՞ւմ ես ինձ։
-Սա իմ որդին է, տե՛ր,-մոտենալով իշխանին ժպտալով խոսեց հինավուրց ծառան.-ես հայտնեցի նրան, թե մեզ հյուր եկողը փառավոր Մարզպետունին է... Տեսնո՞ւմ ես իշխան, որդիս մեծացել է, այն ժամանակ, որ դու հիվանդ պառկած էիր մեզ մոտ, սա դեռ փոքր էր, խելոք, պատվական տղա է...
Իշխանը տեսավ, որ է՛լ ծածկելու տեղ չմնաց:
- Այո՛, երևում է, աստված պահե,-արագ-արագ պատասխանեց նա շատախոս ծառային և ներքին դժգոհությամբ բարձրացավ վերին դստիկոնը։
«Ապարդյուն այցելություն... գուցե և իմ ձեռնարկությանց համար խափանարար հանդիպումն...»,-մտածեց ինքն իրան իշխանը և ներս մտավ Սևադայի առանձնարանը։
Գարդմանա հինավուրց իշխանը նստած էր այդտեղ առանձնարանի անկյունում դրված և թավիշներով զարդարած մի տախտի վրա ծալապատիկ, համակ սևազգեստ, համարիչը