-Այո՛, դու ինձ զրպարտեցիր, հենց այս վայրկյանին։
-Ինչպե՞ս, ասա՛, ես ներողություն կխնդրեմ։
-Ասացիր, որ քո թագավորը պաշտպանում էր աշխարհը իմ փառասիրական ոտնձգության դեմ։
-Այո՛, ասացի, դու անարգեցիր նախկին հաշտության ժամանակ տված քո երդման գիրը և երկրորդ անգամ ապստամբեցար։ Մի՞թե փառասիրությունը չէր մղում քեզ դեպի այդօրինակ ուխտադրժություն։
-Ուրախ եմ, որ կարողանում ես այդպես անկեղծորեն խոսել. երկչոտ մարդկանց տանել չեմ կարող, բայց միևնույն ժամանակ, տխրում եմ, որ այդքան անծանոթ ես դու ճշմարտությանը։ Անդարմանելի մի վիշտ է այդ ինձ համար... Ես չեմ վշտանում, որ հայոց աշխարհն այդ կարծիքն ունի իմ մասին, բայց վշտանում եմ, որ արքունիքի ամենամոտ անձը, Աշոտ թագավորի մտերիմը, Մարզպետունյաց Գևորգ իշխանը նույն կարծիքն է պաշտպանում... Եվ ուրեմն Սևադան ապստամբել էր այն ժամանակ թագավորի դեմ յուր փառասիրական ձգտումների՞ն հետևելով... մի՞թե պիտի զարմանամ, եթե հայոց ազգի պատմությունը գրող վարդապետներն էլ անարգանաց այդ դրոշմը դնեն իմ հիշատակի վրա... Օ՜ ծանր, շատ ծանր զրպարտություն է այդ, իշխան։
-Ի՞նչն էր ուրեմն քո այն ժամանակվա առաջին և երկրորդ ապստամբությանց պատճառը։
-Ի՞նչը... Այո՛, այդ պիտի հարցնես, այդ դու պարտավոր ես իմանալ, եթե դեռ չգիտես։ Բայց ամենից առաջ ասա՛ ինձ. կկամենայի՞ ես դժբախտացնել իմ հարազատ դուստրը, որ հայոց թագուհին էր և որին սիրում էի ես ավելի, քան իմ զույգ աչքերի լույսը։
-Ո՛չ։
-Կկամենայի խռովել նրա հանգստությունը, նրա արքունիքը, և, վերջապես, վտանգել իմ թագավոր փեսայի գահը։ Մի՞թե անձնասպանության հավասար մի հանցանք չէր լինիլ դա ինձ համար։
-Անշուշտ։ Մենք էլ հենց դրա համար էինք զարմանում, որ Սևադա իշխանը ապստամբության դրոշ էր պարզում յուր դստեր և փեսայի դեմ։