Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի թեթև շառագույն փայլեց յուր դալկացած այտերի վրա, ինչպես ձմեռվա դժգույն արշալույս, որ զարկում է ձյունապատ լեռներին։ Բայց յուր անուշ ժպիտով, որից անբաժան էին մայրական խանդն ու գորովը, նա ծածկեց շուտով յուր ներքին ճնշման արտաքին պատկերը։ Թագուհու լուրջ և անթարթ հայացքը, որ տակավին սևեռած էր յուր վրա և դեռ, կարծես, բացատրություն էր պահանջում իրանից, յուր այդ քաղցր ժպիտի շնորհիվ հետզհետե մեղմացավ, Սեդան համարձակություն առավ խոսելու։ Եվ իրավ, չէ՞ որ նա սիրում էր թագուհուն և նրա գաղտնիքներն իմանալու համար չէր, որ հետևում էր նրան, այլ պահպանելու նրա թանկագին առողջությունը, որի վրա դողում էր ինքը, իբրև որդեգորով մայր: Մի՞թե, արդարև, անկեղծ սիրո այս արտահայտությամբ նա մի հանցանք էր գործում։ Հարկավ ոչ, ուստի և հաստատուն ձայնով պատասխանեց.

-Եկա հիշեցնելու, որ ցուրտ է, և թագուհին կարող է մրսել։

-Այդ ես ինքս կարող էի իմանալ,-նկատեց թագուհին։

-Ոչ, թագուհի, երբ դու ընկղմում ես տխուր մտածմունքների մեջ, այլևս չես զգում, թե ի՛նչ է կատարվում քո շուրջը...։

-Սեդա, մայր Սեդա, դու զառանցում ես,-ընդհատեց թագուհին զարմացմամբ։

-Այդպես է, իմ սիրելի թագուհի,-կրկնեց Սեդան ավելի հաստատ ձայնով,-անցյալ օրը սաստիկ տեղատարափի ժամանակ ամենքը քաշվել էին տուն, նույնիսկ դղյակի առաջ ոչ մի պահնորդ չէր երևում, իսկ դու դարձյալ ճեմում էիր այստեղ, կարծես գարնան օրեր լինեին, և դու` մեր Գարդմանա դրախտներում...

Թագուհին մի անհանգիստ շարժում արավ. նրան թվաց, թե դայակը կշտամբում է իրան` անօգուտ գաղտնապահության համար, թե նա այդ անում է գուցե հակառակորդ իշխանուհիներից մեկին հաճոյանալու մտքով, թե ուրեմն յուր դժբախտությունը հայտնվել է արդեն բոլորին և նախանձոտ հակառակորդուհիներն սկսում են անարգել իրան, վիրավորելով յուր