-Բայց մենք ու՞ր ենք գնում,-հարցրեց թիկնապահը` իշխանին հետևելով։
-Մենք այսօր ևեթ պիտի աշխատենք հասնել Ամրամի բանակը, մեր կորցրած ամեն մի ժամը կարող է մի նոր վտանգ ծնել մեզ համար։
-Կերթանք առանց հանգստանաու։ Բայց ձիաների ուժը չի բավիլ արդքան ճանապարհը մի օրում կտրելու։
-Ինչո՞ւ. քանի՞ փարսախ է այստեղից մինչև Տավուշ։
-Հարյուրից ավելի։ Մենք հազիվ կարող ենք երեկոյան Սագամի ձորն անցնել։
-Իսկ առավո՞տը։
-Այո՛, լուսածագին կմտնենք Տավուշ։
-Այդ էլ բավական է. շտապենք,-ասաց իշխանը և մտրակը շարժեց։ Սևուկն սկսավ սուրալ հողմի պես. թիկնապահը հետևում էր նրան։
Երեկոյան դեմ մեր ճանապարհորդները գտնվում էին Սագամի ձորում։ Գետափին հանգստացող մի քանի գյուղացիներ տեղեկություն տվին նրանց, որ Դավիթ ու Գրիգոր իշխանների բանակը չվել էր այդտեղից հենց միևնույն օրը և թե Ամրամի զորքերը գտնվում են այդ միջոցին Աղստև և Սուր գետերի խառնուրդի մոտ։
-Ցանկալի էր իմանալ, թե ինչո՞ւ Ամրամը հեռացել է այդքան յուր ամրոցից,-հարցրեց Եզնիկն իշխանին, երբ նրանք գետն անցնելով` դեմ դրին դեպի դաշտավայրը։
-Այդ նշան է, որ ափխազցիները մոտենում են նրան։ Ահա գարդմանացիք էլ այստեղից են չվել։ Կնշանակե նրանք միացնում են բանակները։
-Ուրեմն թագավորի գալստյան մասին լո՞ւր ունին առած։
-Անշո՛ւշտ, ապա թե ոչ, ինչո՞ւ այդքան զորքեր միասին կխմբեին. չէ՞ որ մի քանի օրվա մեջ բոլոր շրջակաների պաշարը կարող էին նրանք սպառել։
-Տե՛ր, ինձ թվում է, թե մենք պատերազմին պիտի մասնակցենք և ոչ թե հաշտությանը, այնպես չէ՞,-հարցրեց Եղնիկը մի առանձին անհանգստությամբ։