Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վայրկյաններն էր հաշվում, թե ե՞րբ արդյոք լուր կհասներ իրան Ուտիքից. չէ՞ որ նա ցանկանում էր և պարտավոր էր իմանալ, թե ի՞նչ հետևանք ունեցավ արքայի արշավանքը, հաղթե՞ց նա արդյոք, թե՞ հաղթվեցավ։ Երկու դեպքումն էլ նա շահ ուներ յուր անձի համար, մեկում` իբրև թագուհի, մյուսում` իբրև ամուսին...։

Երբ սենեկապան սպասուհին հայտնեց թագուհուն, թե Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը թույլտվություն են խնդրում իրան ներկայանալու, նա շփոթվեցավ և չգիտեր, թե որի՞ն արդյոք ընդունել։

-Թող գան,-ասաց սպասուհուն բայց հենց որ վերջինս կամեցավ հեռանալ,-չէ՛, չէ, թո՛ղ միայն իշխանը ներկայանա,-հրամայեց նա նորեն և սպասուհին դուրս գնաց Մարզպետունուն հրավիրելու։

Թագուհու սիրտն սկսավ տրոփել, մի ներքին անհանգիստություն պաշարեց նրան և դեմքի խաղաղ արտահայտությունն անհետացավ։

Նա վեր կացավ տեղից, նայեց արծաթե հղկված հայելուն և տեսավ, թե ինչպես այլայլվել է ինքը։

Նրա շրթունքները դալկացել, այտերը գունատվել և աչքերը խառնվել էին:

-Ի՞նչ պատահեց ինձ...-հարցրեց նա ինքն իրան և սակայն յուր հարցին պատասխանել չկարողացավ։ Նրա մեջ այդ րոպեին զարթել էին երկու հակառակ, իրար դեմ մրցող և իրար ճնշող զգացումներ, դրանք թագուհու պսաովասիրությոունը և ամուսնու անձնասիրությունն էին: Երկուսն էլ իրավատեր, երկուսն էլ զորավոր... Հարկավ, դրանցից մինը պիտի հաղթանակեր, բայց դեռ մինչև այդ՝ որչա՜փ հուզմունք, որչա՜փ ալեկոծություն պիտի խռովեին նրա հոգվո ծովը...։

«Ի՞նչ լուր կբերե ինձ արդյոք իշխանը...» մտածում էր նա. և այս մտածմունքը թունդ էր հանում նրա սիրտը։ Նա կամենում էր, այո՛, լսել, թե թագավորը հաղթեց, թե Ամրամի ապստամբությունը ճնշվեցավ, թե արքայի զորքերը նորեն Ուտիքն ու Սևորդյաց աշխարհը գրավեցին... Այդ լուրը կգգվեր յուր դշխոյական պատվասիրությունը, որովհետև այդ հաղթությամբ թագավորը կզորանար, նրա անունը կփառավորվեր, հայոց զորքը կքաջալերվեր, թշնամիները