եպիսկոպոսը և սկսավ պատմել կաթողիկոսի Այրիվանքից հեռանալու և արևի խավարման բոլոր պատմությունը։
Երբ նա վերջացրեց, իշխանն ասաց.
-Հավատում եմ այդ հրաշքին և խոնարհում աստուծո զորության առաջ։ Բայց դուք էլ պիտի հավատաք, որ եթե աստված այսպիսի օրում խնայում է առաջնորդի կյանքը, խնայում է միայն նրա համար, որ այդ կյանքը նա գործ դնե ժողովրդի օգտին։ Իսրայելացի մանկանց ընդհանուր կոտորածի ժամանակ նա Նեղոսի ալիքներից հրաշքով ազատեց մանուկ Մովսեսին և պատսպարեց նրան փարավոնի պալատում միայն նրա համար, որ վերջը նա եգիպտացոց գերությունից յուր ժողովուրդը փրկե։ Այսպե՞ս է թե ոչ։
-Այդպես է, իշխան,-պատասխանեց կաթողիկոսը,-բայց աստված Մովսեսին հրաշքներ պարգևեց. և նա նրանցով յուր ժողովուրդը փրկեց. իսկ ես չունիմ այդ շնորհը. չեմ կարող հրաշք գործել։
-Կարող ես, վեհափառ տեր. Մովսեսը գավազանը օձ էր շինում, դու էլ նույնը կանես։ Այնտեղ, ուր ուժը չի հաղթահարում, խոհեմությունը, լեզուն, անուշ խրատները կարող են հաղթել։ Թո՛ղ այսօրվանից Գառնին և դարձիր Երազգավորս, իջի՛ր Բագարան, անցի՛ր Աղնձյաց ու Մոկաց երկրները, մտի՛ր Վասպուրական. խոսիր Աբասի, Աշոտի, Արծրունի եղբարց և այլ իշխանների հետ, խրատիր ու հորդորիր նրանց, համոզիր, որ առնեն իրանց զորքերը և գան հավաքվին արքայի դրոշակի տակ, կռվեն միասնական ուժով և վանեն թշնամուն երկրի երեսից, փրկեն ժողովուրդը վերահաս վտանգից. այդպիսով նրանք ուժ կտան արքային և ուժ կառնեն իրանք. կհալածեն մեջտեղից բաժանման ոգին և ընդհանուր հայրենիքը պաշտպանելով՝ կպաշտպանեն նաև իրանց երկրները, հայրենի կալվածները, տունն ու ընտանիքը...։
-Բանավոր է իշխանի խորհուրդներր, Վեհափառ տեր,-ասաց Սահակ սրբազանը։
-Եվ անհրաժեշտ` հետևել անմիջապես այդ խորհրդին,-հարեց թագուհին։
Բայց կաթողիկոսը լուռ էր, աչքերը դահլիճի դռան հառած։