Էջ:Muratsan, vol. 4.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբեմն նա կատակով հիշեցնում էր երիտասարդին Շահանդուխտի անունը։ Գոռը շառագունում և գլուխը կախում էր, ինչպես մի ամոթած աղջիկ։ Նա չէր համարձակվում հայտնի կերպով յուր սերը խոստովանել, որովհետև այդ սերը ուրիշ բնավորություն ուներ այժմ և իրան թվում էր, թե այլևս իրավունք չունի նրա մասին խոսելու։ Այս էր ահա պատճառը, որ թագուհին զարմացավ, երբ գահավանդակին հասնելով, լսեց նրանց զրույցը։ Այդ դեպքն այնքան տարօրինակ և անակնկալ էր յուր համար, որ նա չկարողացավ հետաքրքրությունը զսպել և չլսել նրանց։ Բայց ի՞նչ էին խոսում ժամադիր սիրահարները։

-Ծնկներս արդեն դողում են, ինչպե՞ս պիտի վերադառնամ,-ասում էր Գոռին Շահանդուխտը.-առաջին անգամն է, որ պաշարում է ինձ այսպիսի երկյուղ։

-Երկյո՞ւղ. ինչո՞ւ համար. մի՞թե հանցանք գործեցիր:

-Անշո՜ւշտ. չէ՞ որ ամեն մի գործ, որ կատարվում է գաղտուկ, հանցանք է ըստինքյան։ Ես կամեցա անցնել հովանոցի մոտով այնպես, որ մայր-թագուհին ինձ չտեսնե։

-Թագուհի՞ն. մի՞թե նա հովանոցումն էր։

-Այո՛. նա դեռ նստած էր յուր բազմոցի վրա տխուր, մտախոհ... Ինչո՞ւ այդքան տխրամած է նրա դեմքը, Գոռ, սիրտս ճմռվում է ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան։

-Ինքս էլ չգիտեմ, ասում են, որ վիշտ ունի. և այդ վիշտը ծածկում են մեզանից։

-Ծածկո՞ւմ են. ոչ ոք ոչինչ չէ ծածկում, ուրիշ ի՞նչ վիշտ կարող է դառնագույն լինել, քան հոր ու եղբոր կուրությունը, քան վշտահար մոր մահը։

-Անշուշտ չկա դառնագույնը։

-Եվ չի կարող լինել. այդ ամենից սարսափելին է:

«Չի կարող լինե՞լ... 0՜, ինչպե՜ս անմեղ, ինչպե՜ս եջանիկ եք դուք, սիրասո՛ւն զավակներ. երանի՜ թե երբեք էլ այդ վիշտը չզգաք, այն դառնությունը չճաշակեք...», շշնջաց ինքն իրան թագուհին և ձեռքը սեղմեց կրծքին, որ ալիքի պես ելնում ու իջնում էր։

-Քո դիմավորումը լցրեց իմ սիրտը բերկրությամբ,-