Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որով ոստիկանը պատվիրում էր նրան հանգիստ թողնել հայոց կաթողիկոսին։

Նա գիտեր, որ ոստիկանը ստացել է արդեն նվերների մի բաժին և այդ է պատճառը, որ բարեկամացել է կաթողիկոսի հետ։ Բայց չէ՞ որ ինքն էլ յուրը պիտի ստանար. չէ՞ որ Այրիվանից ձեռնունայն վերադառնալով` նա որոշել էր յուր վրեժը Սևանից առնել, իսկ եթե այդ չհաջողեր՝ ապա Բյուրականից։

Բայց ահա ոստիկանը խանգարում էր նրան։ Ի՞նչ անել ուրեմն։

Նա դիմեց իսկույն Դվին, մահմեդական կրոնապետի օգնության։

Վերջինս որովհետև մեծ ազդեցություն ուներ ինչպես յուր ժողովրդի, նույնպես և ոստիկանի վրա, ուստի խոստացավ Բեշիրին՝ ոչնչացնել տալ ոստիկանի հրովարտակը և նորեն կաթողիկոսին յուր վրեժխնդրության հանձնել։

Մինչդեռ Դվինում այս հոգսերով էին զբաղված և հայոց կաթողիկոսը անցընում էր յուր ձմեռը խաղաղությամբ, մեր երկու առաքյալները, այն է՝ Վահրամ սեպուհն ու Մարզպետունի իշխանը թափառում էին հայոց մեծ ու փոքր իշխանների գավառներում, մի բերդից անցնելով մյուսը, մի ամրոց՝ դեպի մի ուրիշը։

Բայց նրանց առաքելությունը անցնում էր ապարդյուն և խոսքն ու հորդորը պտուղ չէին բերում։

Աղձնյաց իշխանն, օրինակ, խոստանում էր միացնել յուր զորքը արքայական բանակին, եթե միացած կտեսներ նրան Աշոտ սպարապետի զորքը և Աբաս արքաեղբոր գնդերը։ Մոկաց իշխանը նույն համաձայնությունն էր տալիս, եթե հիշյալների հետ միասին կգար պատերազմելու Վասպուրականի թագավորը։ Աշոտ բռնավորը խոստանում էր մտնել դաշնակցության մեջ, եթե արքայական հրովարտակով յուր իշխանության կհանձնվեին Արարատի հինգ գավառները։ Արաս արքաեղբայրը, ընդհակառակը, ավելորդ էր համարում կազմել մի դաշնակցություն, որ պիտի կռվեր Աշոտ Երկաթի դրոշի տակ։ նրա կարծիքով թագավորն արդեն վհատված ու հեռացած էր. պետք էր ուրեմն թույլ տալ նրան